Համալսարանական հիվանդանոցների սրտաբանները մարտի 18-ին Վանաձորում էին: Առաջին անգամ պացիենտներն ունեին մարզում հետազոտվելու և եզրակացությունն անմիջապես համալսարանական սրտաբանական կլինիկաներից ստանալու հնարավորություն:
Լրագրողների հետ զրույցում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշեց, որ սրտաբանական հետազոտության ժամանակակից մեթոդը՝ «Հոլտեր-մոնիթորինգը» այսուհետև հասանելի կլինի մարզերի բնակչությանը:
Նրա խոսքով՝ շարունակական այս նախաձեռնությունն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի և Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի համագործակցության շնորհիվ:
Երևանից ժամանած բժիշկները Վանաձորի գործընկերներին ներկայացրին մեթոդի իրականացման մանրամասները, քննարկվեցին մասնագիտական մի շարք հարցեր:
Մարզային սրտաբանական շաբաթը սկսվեց Լոռիից, իսկ առաջիկայում կընդգրկի ողջ Հայաստանը: