«Վերացնելով անջրպետները. Կրծքով կերակրման աջակցություն բոլորի համար» կարգախոսի ներքո այս տարի ևս օգոստոսի առաջին շաբաթը ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն միասին նշում են կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը` ընդգծելով կրծքով կերակրման աջակցության բարելավման անհրաժեշտությունը` որպես առողջապահական անհավասարությունները նվազեցնելու, մայրերի ու նորածինների գոյատևման, բարգավաճման իրավունքները պաշտպանելու կարևոր միջոց:
Յուրաքանչյուր նորածին և երեխա ունի լիարժեք սնվելու իրավունք «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի» համաձայն:
Անբավարար, թերի սնունդը աշխարհում երեխաների մահվան 45%-ի պատճառ է հանդիսանում:
Գնահատված է, որ 2022թ.-ին ամբողջ աշխարհում մինչև 5 տարեկան 149 միլիոն երեխա ունեցել է աճի թերզարգացում (չափազանց կարճահասակ` իրենց տարիքի համար), 45 միլիոնը՝ հյուծվածություն (չափազանց նիհար` իրենց հասակի համար), իսկ 37 միլիոնը՝ ավելորդ քաշ կամ գիրություն:
Տարեկան ավելի քան 820.000 մանկական կյանք կարելի է փրկել մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, եթե 0-ից 23 ամսական բոլոր երեխաները կրծքով կերակրվեն: Անգնահատելի է նաև այն, որ կրծքով կերակրումը բարելավում է մտավոր կարողությունները:
Հարկ է նշել, որ շատ քիչ երեխաներ են ստանում համապատասխան և անվտանգ լրացուցիչ սնունդ: Շատ երկրներում 6-23 ամսական նորածինների ¼-ից պակասն է համապատասխանում իրենց տարիքի համար նախատեսված սննդակարգի բազմազանության և կերակրման հաճախականության չափանիշներին:
Երեխայի զարգացման բարելավումը, և կրծքով կերակրման միջոցով առողջապահական ծախսերի կրճատումը հանգեցնում են տնտեսական օգուտների` ինչպես առանձին ընտանիքների, այնպես էլ ազգային մակարդակում:
Գնահատված է, որ ամեն տարի թերսնուցումից մահանում է 2.7 միլիոն երեխա կամ մանկական մահացության բոլոր դեպքերի 45%-ը: Երեխայի կյանքի առաջին 2 տարիները հատկապես կարևոր են, քանի որ այս ժամանակահատվածում օպտիմալ սնունդը նվազեցնում է հիվանդացությունն ու մահացությունը, նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների ռիսկը և ընդհանուր առմամբ նպաստում է ավելի լավ զարգացմանը:
6 ամսվա ընթացքում բացառապես կրծքով կերակրումը շատ օգուտներ ունի և նորածնի, և մոր համար:
Ահա մի քանի առավելություններ, որոնք պետք է հաշվի առնել. դրանցից գլխավորը աղիքային վարակներից պաշտպանությունն է, ինչը նկատվում է ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում։ Կրծքով կերակրման վաղ սկիզբը՝ ծնվելուց հետո 1 ժամվա ընթացքում, պաշտպանում է նորածնին վարակվելուց և նվազեցնում մահացությունը: Դիարեայից և այլ վարակներից մահացության ռիսկը կարող է մեծանալ այն նորածինների մոտ, ովքեր կամ մասնակի են կրծքով կերակրվում, կամ ընդհանրապես կրծքով չեն կերակրվում:
Կրծքի կաթը նաև էներգիայի և սննդանյութերի կարևոր աղբյուր է 6-ից 23 ամսական երեխաների համար: Այն կարող է բավարարել երեխայի էներգիայի կարիքի կեսը կամ ավելին` 6-ից 12 ամսական հասակում և էներգիայի 1/3-ը` 12-ից 24 ամսական հասակում: Կրծքի կաթը նաև էներգիայի և սննդանյութերի կարևոր աղբյուր է հիվանդությունների ընթացքում և նվազեցնում է մահացությունը թերսնուցում ունեցող երեխաների շրջանում:
Երեխաները և դեռահասները, ովքեր կրծքով կերակրվել են մանկության տարիներին, ավելի քիչ հավանական է, որ ավելորդ քաշ կամ ճարպակալում ունենան մեծ տարիքում: Բացի այդ, նրանք ավելի լավ են կատարում հանձնարարականները և ավելի լավ են հաճախում դպրոց: Միգուցե զարմանալի թվա, բայց կրծքով կերակրումը կապված է մեծահասակի կյանքի ավելի բարձր եկամուտ ունենալու հետ:
Վերջին 12 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մինչև 6 ամսական նորածինների թիվը, որոնք բացառապես կրծքով են կերակրվում, աճել է ավելի քան 10%-ով: Սա նշանակում է, որ ամբողջ աշխարհում նորածինների 48%-ը ներկայումս օգտվում է կյանքի նման առողջ սկզբից: Կրծքով կերակրման շնորհիվ հարյուր հազարավոր նորածինների կյանքեր են փրկվել։
Այս զգալի առաջընթացը մոտեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակին՝ մինչև 2025 թվականը բացառապես կրծքով կերակրումը հասցնել առնվազն 50%-ի:
Վաղ աճի և զարգացման այս կրիտիկական ժամանակահատվածում կրծքի կաթում պարունակվող հակամարմինները պաշտպանում են երեխաներին հիվանդություններից և մահից: Սա հատկապես կարևոր է արտակարգ իրավիճակներում, երբ կրծքով կերակրումը երաշխավորում է նորածինների և փոքր երեխաների համար անվտանգ, սննդարար և մատչելի սննդի աղբյուր: Կրծքով կերակրումը նվազեցնում է մանկական հիվանդությունների հաճախականությունը և մայրերի մոտ քաղցկեղի և ոչ վարակիչ հիվանդությունների որոշ տեսակների առաջացման ռիսկը:
Կրծքով կերակրման առավելությունների, ինչպես նաև դրա հակացուցումների և խնդիրների մասին ավելի մանրամասն կներկայացնենք «Բժշկությունը` 5 րոպեում» շարքի շրջանակում: