Հուլիսին կայացավ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի կողմից կազմակերպված «Լաբշիփ 5» ծրագիրը։
Ինչպես արդեն հայտնի է, երկշաբաթյա ամառային ուսանողական այս ծրագիրը նախատեսված է ԵՊԲՀ ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են գիտությամբ և լաբորատոր աշխատանքով։
Ուսանողները հնարավորություն ունեցան այցելել ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի չորս հետազոտական լաբորատորիա։
Այս տարի ծրագրում ներառված էր երեք լաբորատոր մեթոդ, որոնց շարքում առաջին անգամ գործարկվեց նաև բջիջների կուլտիվացումը։
Առանձնահատուկ տեղ էր հատկացվել ուղեղից ստացված նմուշների վիզուալիզացիայի մանրադիտարկման մեթոդներին։
Մեթոդների վերաբերյալ տեսական դասերն ու գործնական պարապմունքներն անցան ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում «ՔՈԲՐԵՅՆ» թիմի անդամներ Կատարինե Ֆերեշետյանի, Էլեն Սահակյանի, Համլետ Թորոսյանի, Ռուբեն Մինասյանի և Էլլա Բաղդասարյանի ջանքերով։
Այսպիսով, մասնակցելու հնարավորություն ունեցավ բժշկական բուհի 12 ուսանող, ինչպես նաև «Բրեյն Բի» աշակերտական օլիմպիադայի հաղթողները։ Նրանք ձեռք բերեցին գործնական հմտություններ նշված մեթոդների շրջանակում, իսկ ծրագրի վերջում հանձնեցին ամփոփիչ թեստ և, այն բարեհաջող հաղթահարելով, ստացան վկայականներ։
Միջոցառումն ամփոփվեց ինտերակտիվ խաղով, որի ընթացքում մասնակիցներն օգտագործեցին իրենց տեսական ու գործնական գիտելիքը, իսկ հաղթող խումբը ստացավ մրցանակ։
Ծրագրի ավարտին ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտնական, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ծանոթացավ մասնակից ուսանողների տպավորություններին՝ ևս մեկ անգամ մոտիվացնելով նրանց շարունակել ուսմանը զուգահեռ ներգրավվել նեյրոգիտական միջավայրում իրականացվող աշխատանքներում։
Մասնակիցները կիսվեցին իրենց կարծիքներով և դրական էմոցիաներով՝ նշելով, որ կցանկանային երկարացնել Լաբշիփը, շարունակել սովորել նոր մեթոդներ և ընդլայնել տեսական ու գործնական գիտելիքների շրջանակը։
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ղեկավար Մարիամ Մովսիսյանի խոսքով՝ նման ծրագրերը փաստում են ուսանողների աճող հետաքրքրությունը գիտության և լաբորատոր աշխատանքի հանդեպ՝ մոտիվացնելով «ՔՈԲՐԵՅՆ» թիմին ստեղծել նոր ծրագրեր և ընդլայնել արդեն իսկ գործող նախագծերը։