Վիրաբուժական դպրոցի «LanZzete Junior»-ն ամփոփեց կիսամյակի աշխատանքը՝ օլիմպիադայի և ամփոփիչ համաժողովի միջոցով։ Եթե մինչ այս նմանատիպ միջոցառումները կազմակերպվում էին վիրաբուժական խմբակի շրջանակում, ապա տվյալ օլիմպիադան հանդիսացավ «Լանցետ Ջունիոր»-ի առաջին միջոցառումը։
Դեկտեմբերի 6-ին անցկացված օլիմպիադային մասնակցում էր 5 թիմ՝ յուրաքանչյուրում` 6 մասնակից։ Թիմերի հետ շուրջ մեկ ամիս իրականացվել էին նախապատրաստական աշխատանքներ, որոնց արդյունքում առաջին և երկրորդ կուրսի ուսանողները հաջողությամբ հաղթահարեցին մրցութային փուլերը։
Օլիմպիադայի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին «Թամազյան» վիրաբուժական դպրոցի ուսանողները` հանդես գալով որպես ժյուրի, իսկ ամփոփիչ կոնֆերանսին ներկայացրին զեկույցներ։
Դեկտեմբերի 13-ին կայացավ կիսամյակի ամփոփիչ կոնֆերանսը, որի ընթացքում 7 ուսանող ներկայացրեց կիսամյակի ընթացքում պատրաստված լավագույն զեկույցները։
Իր ուղերձը հղեց Վիրաբուժական դպրոցի տնօրեն, ԵՊԲՀ պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը` ընդգծելով բժշկական ուսանողների համար թե՛ գործնական, թե՛ տեսական գիտելիքի կարևորությունը։
Միջոցառումները կազմակերպվել էին երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողների կողմից` շեշտադրելով ուսանողական նախաձեռնողականությունն ու ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացին։