Լևոն Գրիգորյանի մասնակցությունը «6th IBC Oxford World Congress»-ին և մասնագիտական ձեռքբերումները

Լևոն Գրիգորյանի մասնակցությունը «6th IBC Oxford World Congress»-ին և մասնագիտական ձեռքբերումները

Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս, ընդհանուր և լապարոսկոպիկ, բարիատրիկ վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ-ուռուցքաբան, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Լևոն Գրիգորյանը սեպտեմբերին Միացյալ Թագավորությունում՝ Օքսֆորդում, մասնակցել է «6th IBC OXFORD WORLD CONGRESS»-ին։

«Երեք գիտականորեն գերհագեցած օր՝ նվիրված ճարպակալման բուժման բոլոր հարցերին, բայց առաջին հերթին ամենաարդյունավետ մեթոդին՝ բարիատրիկ/մետաբոլիկ վիրաբուժությանը։ Պատիվ ունեցա այդ բարձր հարթակում ներկայացնելու Հայաստանը, հանդես գալու առանձին զեկույցով և մասնակցելու տարբեր մասնագիտական քննարկումների։ Բարիատրիկ/մետաբոլիկ վիրաբուժությունը լոկ վիրահատական գործողություն չէ, դա գիտություն է, որին ամբողջ խորությամբ պետք է տիրապետի խնդրով զբաղվող յուրաքանչյուր վիրաբույժ»,-պատմում է ԵՊԲՀ դասախոսը, ով նշում է, որ իր սկզբունքներից են՝ եթե քայլել, ապա նվազագույնը ժամանակահամահունչ, եթե բուժել, ապա ժամանակակից մոտեցումներին և չափանիշներին համապատասխան։

«Այս ամենը երբեք չի եղել սոսկ ցանկություն, դա միշտ թելադրված է եղել օր առաջ և հնարավոր ամենաբարձր որակով պացիենտի առողջությունը վերականգնելու պարզ ու բնական ցանկությամբ։ Մեր հայրենակիցներն արժանի են լավագույնին, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ լավագույնը հասանելի լինի հենց Հայաստանում, հայրենիքում»,- ընդգծում է բժիշկ Գրիգորյանը։

Նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերին համալսարանական մասնագետը Չինաստանում ռոբոտիկ վիրաբուժության գծով վերապատրաստում է անցել։

Տեսանյութ