Հարգելի՛ գործընկերներ, բժիշկներ և ուսանողներ, ձեր դատին ենք հանձնում ֆրանսիական La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական` դեկտեմբերի համարը։
Այս համարում ընդգրկված հոդվածները վերաբերում են բժշկության տարբեր ճյուղերի, մասնավորապես՝ ՄԻԱՎ վարակին։
40 տարի առաջ սկիզբ առած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոդիսականը դեռ չի հասել վերջնակետին։ 80-ականներին, երբ ՄԻԱՎ վարակը անսպասելիորեն համալրեց բժշկագիտության առջև ծառացած խնդիրների երկար շարքը, վարակիչ հիվանդությունների հանդեպ տիրում էր որոշակի անհոգության մթնոլորտ, քանի որ պատվաստանյութերն ու հակաբիոտիկները նշանակալի հաջողություններ էին գրանցել։ Թվում էր՝ մանրէներն ու վիրուսներն արդեն կառավարելի և վերահսկելի են, այնինչ ՄԻԱՎ-ը, իսկ այսօր նաև Քովիդ-19-ը եկան ապացուցելու հակառակը։ Սակայն գիտության առաջընթացն անհերքելի է. ՄԻԱՎ-ն այլևս անխուսափելիորեն մահաբեր այն վարակը չէ, մերօրյա վարակակիր, բուժում ստացող հիվանդը, երբ ունի չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն, ապրում է նույնքան, որքան վարակազերծ ցանկացած մարդ։ ՄԻԱՎ վարակին նվիրված հոդվածաշարն ամփոփում է մերօրյա տվյալները։
Համարում կգտնեք նաև մղձավանջներին, գլաուկոմայի վիրահատական բուժման նոր մեթոդներին, ցավազրկող դեղամիջոցներից առաջացող սուր թունավորումներին և այլ թեմաների առնչվող հոդվածներ:
Revue de Praticien-ի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր Վահե Մուղնեցյանը Հայաստանում բժշկելու, կրթելու և կառուցելու ցանկությամբ մաղթում է բոլորին բարի ընթերցում:
Կից` պարբերականի հերթական համարը: