Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «ՀԵՆԱՐ» հիմնադրամի և Բոստոնի համալսարանի «Չոբանյան և Ավետիսյան» բժշկական դպրոցի հետ համատեղ իրականացվող Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության մագիստրոսական ծրագրի (Master’s in Health Professions Education, MSHPE) գործնական փուլը:
Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել առողջապահության ոլորտի դասավանդողների հմտությունները` նրանց հնարավորություն տալով ձեռք բերել ժամանակակից ուսուցման և ուսումնական ծրագրերի նախագծման հմտություններ, առաջնորդության և գնահատման նոր մոտեցումներ՝ համահունչ միջազգային չափանիշներին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի անունից հավաքվածներին ողջունեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը: «Նախաձեռնությունը նվիրված է կրթության կատարելագործման ոլորտին, ինչն, իմ խորին համոզմամբ, շատ կարևոր է: Ինչպես գիտեք, մենք նախաձեռնել ենք նաև տարբեր կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրում, որը ևս միտված է դրանց մոտեցումների, կառուցվածքի, բովանդակության համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին: «Հենար» հիմնադրամի և Բոստոնի համալսարանի գործընկերների հետ մենք քննարկեցինք մագիստրոսական ծրագիրը, որի մասնակիցներն արդեն մեր ակադեմիական անձնակազմի ներկայացուցիչների հետ անցկացնում են դասընթաց` Training of Trainers (ToT) ձևաչափով: Սա, կարծես թե, նրանց համար քննական բաղադրիչ է», – նշեց պրոռեկտորը` մաղթելով մասնակիցներին արդյունավետ աշխատանք:
«ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանի համոզմամբ` ծրագիրը լինելու է Հայաստանի առողջապահական կրթության զարգացման կարևոր կետերից մեկը: «Ես շատ ուրախ եմ այսօր լինել այս դահլիճում, որովհետև ես 1991 թվականին եմ ավարտել բժշկական համալսարանը: Եվ այդ ժամանակվանից ի վեր այս լսարանում չեմ եղել, այդ պատճառով այսօր ինձ համար էմոցիոնալ օր է:
Մենք պաշտոնապես սկսում ենք Training of Trainers (ToT) դասընթացը, որը հանդիսանում է առողջապահական ոլորտի կրթության մասնագետների մագիստրոսական ծրագրի հիմնասյունը», – ընդգծեց նա:
Ծրագիրը, Արման Ոսկերչյանի խոսքով, մշակվել է «ՀԵՆԱՐ» հիմնադրամի, Բոստոնի համալսարանի «Չոբանյան և Ավետիսյան» բժշկական դպրոցի, ՀՀ առողջապահության և կրթության նախարարությունների, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև համագործակցությամբ: «Փաստորեն սա համատեղ ջանքերի արդյունք է: Մեր նպատակը միշտ եղել է լինել փոփոխության շարժիչ ուժն առողջապահական համակարգում: Հենց այդ պատճառով ձևավորել ենք այս ծրագիրը` որպես էվոլյուցիոն հաջորդ քայլ, որը միավորում է կրթական որակի բարելավման և առողջապահական ծառայությունների կատարելագործման օրակարգերը», – շեշտեց «ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիրը:
2025-2026 ուստարվա՝ բժշկական համալսարանի կողմից ծրագրում ընդգրկված առաջին 3 մասնակիցներն Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնից են. «Մանկաբուժական դպրոց»-ի ղեկավար, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար, դասախոս, Հռիփսիմե Ապրեսյանը, նույն կլինիկայի բժիշկ, ասիստենտ Սուրեն Բրուտյանը, դոցենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ Ալվարդ Հովհաննիսյանը, ովքեր, փաստացի դառնալով հետբուհական կրթության որակի բարելավման պատվիրակներ, կսովորեն նորարարական մոտեցումները և կփորձեն կիրառել դրանք մեր համակարգում՝ զուգահեռաբար նաև փոխանցելով իրենց ստացած գիտելիքը գործընկեր դասավանդողներին:
Շարունակաբար կրթվելով` նրանք կիսվելու են նաև իրենց գործընկերների հետ: «Սա նոր մշակույթ է` հիմնված համագործակցության, գիտելիքի փոխանակման և շարունակական զարգացման վրա: Դրանից կշահեն և’ ուսանողները, և’ կլինիկական օրդինատորները, և’ պացիենտները, և’ հետևաբար մեր պետությունը», – հավելեց Արման Ոսկերչյանը:
Ընտանեկան բժշկության դոցենտ, Բոստոնի համալսարանի և Հայաստանի միջև բժշկական գործընկերության ծրագրի տնօրեն Արամ Կալիգյանի խոսքով` ծրագիրը բավականին գոհացնող է. «Այն ստացվել է համատեղ աշխատանքի արդյունքում: Բոստոնի համալսարանի մեր գործընկերները կկիսվեն բժշկական կրթության ոլորտում իրենց հարուստ փորձով: Մագիստրոսական ծրագիրը ենթադրում է հսկայական աշխատանք և ջանքեր` հաջողության հասնելու համար»:
Առաջիկա ամիսներին համալսարանականներին սպասվում է ինտենսիվ ուսումնական ուղի՝ ներառյալ նորարարական մոդուլներ, գործնական սեմինարներ և միջազգային փորձի փոխանակում: Նրանց ձեռք բերած գիտելիքն ու հմտությունները ոչ միայն կփոխեն նրանց դասավանդման մեթոդաբանությունը, այլև կնպաստեն Հայաստանի բժշկական կրթության համակարգի շարունակական բարեփոխմանը:
«ՀԵՆԱՐ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Հենրի Լուիսը հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրեց քննարկվելիք հարցերը, իսկ Բոստոնի համալսարանի Գլոբալ առողջապահական համագործակցության ծրագրի գործադիր տնօրեն, Բոստոնի համալսարանի առողջապահական մասնագիտությունների կրթական ծրագրերի հիմնադիր տնօրեն, առաջնային բուժօգնության արդյունավետության չափման համաշխարհային առաջատար մասնագետ Ջեֆրի Մարքընսը հանգամանորեն անդրադարձավ դասընթացի նպատակին ու առաքելությանը, ժամանակացույցին ու առաջադրանքներին, ամբիոնների ներգրավվածությանը, որոշակի օրինակների իրականացվող աշխատանքից, ինչպես նաև դասընթացի արդյունքում ձեռք բերվող կոնկրետ հմտություններին ու կարողություններին:
Նշենք, որ մեկնարկած Training of Trainers (ԹօԹ) դասընթացները հանդիսանում են մագիստրոսական ծրագրի անբաժանելի և գործնական բաղադրիչը: Դրանք մշակվել են Բոստոնի համալսարանի գործընկերների հետ և ուղղված են Հայաստանի բժշկական համայնքի դասավանդող բժիշկների, ինչպես նաև հարակից մասնագետների (դասավանդող բուժքույրեր, կլինիկական դեղագետներ, հանրային առողջության մասնագետներ և այլն, ընդհանուր հաշվով` շուրջ 90 համալսարանական) վերապատրաստմանը՝ նրանց փոխանցելով դասավանդման նոր մեթոդաբանություն և հմտությունների վրա հիմնված ուսումնական ծրագրերի (competency-based curriculum) նախագծման մոտեցումներ:
Կազմակերպչական կարգապահությունը ԹօԹ-ների կարևորագույն կողմերից է. հանդիպումները պարբերական են, ընդհանուր` 18 սեսիա 2025-2026 ուստարվա ընթացքում` փոքր տնային առաջադրանքներով և խմբերով կիրառական աշխատանքներով: Մասնակցությունը կարգավորված է CME (Continuing Medical Education) կրեդիտների տրամադրման պահանջներով (առնվազն 90% մասնակցություն): Ամբողջական մասնակցության դեպքում մասնակիցները կստանան հավաստագրեր Բոստոնի համալսարանի կողմից: