ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի՝ «Կրթված մանկաբույժ` առողջ սերնդի երաշխավոր» խորագրով անցկացվող գարնանային վեբինարների շարքը եզրափակվեց:
Ողջ գարնանը, յուրաքանչյուր շաբաթ օր մասնակիցները հնարավորություն ունեցան առցանց ունկնդրելու հետաքրքիր մասնագիտական նյութ, ստանալու արդի հարցերի շուրջ համալսարանական առաջատար մասնագետների տեսակետներն ու կարծիքները:
«Ընտրված էին թեմաներ, որոնք ամենից շատ են հետաքրքրել մանկաբույժներին, նեոնատոլոգներին, առաջնային բուժօղակում աշխատողներին: Ներկայացվել են նոր տվյալներ հիվանդությունների էթիոպաթոգենեզի, դրանց ախտորոշման և դեղորայքային բուժման ժամանակակից առանձնահատկությունների մասին: Քննարկել ենք նաև կանխարգելիչ միջոցառումների հնարավորություններն ու արդյունավետությունը, սուր հարցերի դեպքում միջդիսցիպլինար մոտեցման անհրաժեշտությունը»,- ամփոփելով իր ղեկավարմամբ անցկացված 11 առցանց հանդիպումները մանրամասնում է ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և նեղ մասնագիտական մանկաբուժական կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանը:
Նրա գնահատմամբ` կլինիկական բժշկությունն անընդհատ զարգանում է, հետևաբար պրակտիկ բժիշկների գիտելիքի շարունակական արդիականացումը խիստ կարևոր է:
Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոսների կողմից հերթականությամբ անցկացվող վեբինարներին մասնակցել է ավելի քան 70 մասնագետ, որոնց շարքում էին նույն ամբիոնի դասախոսները, կլինիկական օլրդինատորներ, երիտասարդ բժիշկներ Երևանից, Չարենցավանից, Էջմիածնից, Արտաշատից, Գյումրիից և Սևանից:
«Հաշվի առնելով թիրախային լսարանի հետաքրքրվածությունը մենք ծրագրում ենք նաև աշնանային վեբինարների անցկացում արդեն ՇՄԶ կրեդիտավորմամբ»,- շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին տեղեկացրեց պրոֆեսոր Սիմոնյանը` աշնանը այս հետաքրքիր ձևաչափում կրկին հանդիպելու մեծ ցանկությամբ: