ԵՊԲՀ «Մանկաբուժության դպրոց»-ը մանկաբուժության առաջին և երկրորդ կուրսերի կլինիկական ռեզիդենտների, ինչպես նաև մասնագիտացման ուղղության հարցում դեռ չկողմնորոշված բժիշկ-շրջանավարտների համար կազմակերպել էր Bootcamp, որը դարձավ մասնագիտական աճի, փորձի փոխանակման և նոր կապերի ստեղծման կարևոր հարթակ։
Միջոցառման ընթացքում տարբեր ոլորտներ ներկայացնող անվանի բժիշկներն ու պրոֆեսորները մասնակիցների հետ կիսվեցին իրենց հարուստ փորձով՝ ներկայացնելով մանկաբուժության ոլորտում հանդիպող կարևոր հիվանդություններ, արդիական ախտորոշիչ մոտեցումներ և հետաքրքիր կլինիկական դեպքեր։
Յուրաքանչյուր հանդիպում հնարավորություն էր տալիս խորացնելու իմացածը, քննարկելու կլինիկական պրակտիկայում հանդիպող մարտահրավերները և ձեռք բերելու նոր տեսանկյուններ մանկաբուժության մի շարք ուղղությունների վերաբերյալ։ Ռեզիդենտները ակտիվորեն մասնակցում էին քննարկումներին՝ հարցեր ուղղելով մասնագետներին և կիսվելով սեփական դիտարկումներով։
Գիտելիքի և մասնագիտական քննարկումների հետ մեկտեղ Bootcamp-ը մասնակիցներին համախմբեց նաև ստեղծագործական միջավայրում։
Թիմբիլդինգի շրջանակում բժիշկներն ու ռեզիդենտները միասին ստեղծեցին մանկաբույժի մասնագիտությանը նվիրված խորհրդանշական պատկեր։
«Մանկաբուժության դպրոցի», «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար, դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի փոխանցմամբ` այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ լավ մասնագետի ձևավորման հիմքում ոչ միայն գիտելիքն ու մասնագիտական հմտություններն են, այլև թիմային աշխատանքը, համագործակցությունն ու փորձի փոխանակումը։