Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027-ի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (Children’s Hospital Los Angeles – CHLA) ծրագրերի մենեջեր Ժենյա Ղազարյանի հետ աշխատանքային հանդիպում ունեցան կոնգրեսի նախագահ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, կազմակերպական խորհրդի անդամներ՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը և Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը։
Քննարկման առանցքում էր հատկապես կայանալիք մեծ բժշկագիտական միջոցառման մանկաբուժական հատվածը և դրա անցկացման ձևաչափը։
Արմեն Մուրադյանը նշեց, որ մանկաբուժության զարգացման հիմքում կադրերի ձևավորումն ու համագործակցության ընդլայնումն են, ինչին էլ ուղղված են ԱՄՆ-ի հեղինակավոր այս կառույցի հետ համատեղ աշխատանքները։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Լոս Անջելեսի մանկական առաջատար՝ Children’s Hospital Los Angeles (CHLA) հիվանդանոցի միջև սեպտեմբերի վերջին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում 2026 թվականի նոյեմբերին (նոյեմբերի 2-ից 26-ը) հաստատված է ԵՊԲՀ մանկաբուժության դպրոցի 5 ուսանողի այցը Children’s Hospital Los Angeles։
Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027-ը, Արա Բաբլոյանի և Արմեն Մուրադյանի փոխանցմամբ, չի շրջանցի մանկաբուժության և արհեստական բանականության թեման՝ մանկաբուժական տարբեր ասպեկտներով։
Մանկաբուժությունը, հանրային առողջությունը և վերարտադրողական առողջությունն այն ոլորտներն են, որտեղ նույնպես կայանալիք միջոցառման ասելիքը շատ է լինելու։
Ժենյա Ղազարյանը ևս, կարծիքների փոխանակման ընթացքում, հայտնեց կայանալիք կոնգրեսին ակտիվ մասնակցության և համագործակցության պատրաստակամություն։