Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մանկական նյարդավիրաբուժության միջազգային առաջին դասընթացը՝ բժշկական բուհում

Մանկական նյարդավիրաբուժության միջազգային առաջին դասընթացը՝ բժշկական բուհում

Մանկական նյարդավիրաբուժության միջազգային միությունը (ISPN) Մանկական նյարդավիրաբուժության հայկական միության (ՄՆՀՄ) հրավերով հունիսի 23-25-ին անցկացնում է եռօրյա դասընթաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։

Մանկական նյարդավիրաբուժության հայկական միության Սամվել Սարգսյանի խոսքով՝ Մանկական նյարդավիրաբուժության միջազգային միության կողմից Հայաստանում առաջին անգամ է նման մասշտաբի և հատկապես զուտ մանկական նյարդավիրաբուժական միջոցառում կազմակերպվում, և արդեն իսկ կան որոշակի նախադրյալներ, որպեսզի այս համագործակցությունը լինի շարունակական։

«Հուսանք, որ մի քանի տարի հետո այստեղ կունենանք ISPN տարեկան համագումար, որը կմիավորի շատ ավելի լայն շրջանակ, իսկ սա արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության լավ առիթ է», – ընդգծեց մասնագետը։

Նմանատիպ միջոցառումները, նրա համոզմամբ, նախատեսված են ինչպես բժիշկների, այնպես էլ ռեզիդենտների և ուսանողների համար, որոնք հետագայում, որպես մասնագիտություն, կընտրեն նյարդավիրաբուժությունը։

«Հատկանշական է այն հանգամանքը, որ այս դասընթացը միավորում է ոչ միայն նյարդավիրաբույժներին, այլև նյարդաբաններին, ռադիոլոգներին, օրթոպեդ-վնասվածքաբաններին, օնկոլոգներին, մանկաբույժներին, մանկական ռեաբիլիտոլոգներին, ռեանիմատոլոգներին, անեսթեզիոլոգներին», – շեշտեց միջոցառման կազմակերպիչը:

Եռօրյա քննարկման հիմնական թեմաները ներառում են բնածին արատները, ողնաշարի նյարդավիրաբուժությունը, նեյրոուռուցքաբանությունը՝ ինչպես ողնաշարի, այնպես էլ գլխի ուռուցքները։

Բժշկական համալսարանի Մանկաբուժության և մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ելույթում հիշեցրեց, որ մանկական նյարդավիրաբուժության առաջին մահճակալները ստեղծվեցին 1983 թվականին՝ այն ժամանակ Երրորդ մանկական հիվանդանոցի (այժմ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն) վիրաբուժական բաժանմունքի կազմում։ «Հետագայում, իհարկե, ձևավորվեց բաժին, որը երկար տարիներ միակն էր Հայաստանում։ Սկզբում 2 բժիշկ էր աշխատում, իսկ հիմա մենք ունենք մանկական նյարդավիրաբուժության 10 մասնագետ և 3 կենտրոն։ Մի կողմից, մեզ նման փոքր երկրում 3 կենտրոնը շռայլություն է, բայց, մյուս կողմից, դրանք ունեն իրենց ուղղվածությունները, որոնք չեն կրկնում մեկը մյուսին»։

Արա Բաբլոյանը ողջունեց շարունակական մասնագիտական զարգացման դասընթացները։ Նրա խոսքով՝ մանկական նյարդավիրաբուժական ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ծառայությունները պետք է համագործակցեն մեկը մյուսի հետ։

«Որևէ նշանակություն չունի՝ որ պատերի ներսում է գտնվում պացիենտը։ Եթե մենք ունենք մեկ կարևոր նպատակ, կարող ենք այս կամ այն հիվանդանոցի ներսում միավորվել և տվյալ երեխային օգնել։ Բացի այդ, շատ կարևոր է, և ես արդեն խոսել եմ երեք հիվանդանոցների ղեկավարների հետ, առավել զարգացնել կլինիկական սուր ռեաբիլիտացիան, որովհետև նյարդավիրաբույժները շատ մեծ գործ են անում, բայց այդ գործի արդյունքը կարող է լինել թերի, եթե մենք վերականգնողական սուր ծառայությունները ժամ առաջ չսկսենք այդ երեխաների հետ, որպեսզի կարողանանք նրանց ոտքի կանգնեցնել», – ընդգծեց պրոֆեսոր Բաբլոյանը։

Բժշկագիտությունը, ըստ նրա, շատ արագ է զարգանում:

«Այդ նորությունները հնարավոր չէ մեկ կամ երկու կրթական կազմակերպության միջոցով փոխանցել, այդ պատճառով նման միջազգային ուսուցման կուրսերի կազմակերպումը շատ կարևոր է մեր մասնագետների կատարելագործման տեսանկյունից», – հավելեց նա։

Առաջին անգամ մեր երկրում անցկացվող միջոցառումը համախմբել է մանկական նյարդավիրաբուժության ոլորտի առաջատար մասնագետներին Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Չինաստանից, Իսրայելից և Հայաստանից՝ առաջնորդվելով գիտելիքն ու հմտությունները զարգացնելու ընդհանուր նպատակով: Նրանց շարքում հարկ է առանձնացնել Մանկական նյարդավիրաբուժության միջազգային միության (ISPN) նախագահ, իսրայելցի մասնագետ Շլոմի Կոնստանտինիին, Մանկական նյարդավիրաբուժության միջազգային միության նախկին նախագահ, ԱՄՆ-ից պրոֆեսոր Ֆրեդերիկ Բուպին, Մանկական նյարդավիրաբուժության միջազգային միության Գիտական կոմիտեի ղեկավար, նաև Լատինական Ամերիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ, բրազիլացի մասնագետ Արթուր Դա Կունյային, Լատինական Ամերիկայի կին նյարդավիրաբույժների ասոցիացիայի նախագահ Նելսի Զենոնին՝ նույնպես Բրազիլիայից, Չինաստանից՝ Շանհայից ժամանած, մանկական ուղեղային կաթվածի և ողնաշարի հիվանդությունների հայտնի մասնագետ, պրոֆեսոր Շիաո Բոյին, Եվրասիական մանկական նյարդավիրաբուժական ասոցիացիայի քարտուղար, ռուս պրոֆեսոր Սերգեյ Գորելիշևին, ինչպես նաև գերմանացի հայտնի պրոֆեսոր Ուլրիխ Թոմալեին։

Ներկայացվեցին ուսանողների և ռեզիդենտների համար կարևոր դասական մոտեցումներ տարբեր պաթոլոգիաների դեպքում, ինչպես նաև նորարար մոտեցումներ պրակտիկ բժիշկների համար։

Վաղը՝ հունիսի 25-ին՝ դասընթացի երրորդ, ամփոփիչ օրը, նախատեսվում է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի սիմուլյացիոն կենտրոնում անցկացնել գործնական դասընթաց՝ ուռուցքի հեռացման իմիտացիա։