Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լազար Եսայանը ֆակուլտետ ընդունված շուրջ 150 ապագա ստոմատոլոգի ներկայացավ նախ որպես ընկեր և բարեկամ, որը պատրաստ է լսել և քննարկել ուսումնական գործընթացում ծագած յուրաքանչյուր խնդիր:
Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված առաջին կուրսեցիների հետ հանդիպումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով բժշկական բուհի այն սովորողների հիշատակը, որոնք անմահացան Արցախյան վերջին պատերազմում:
«Դուք ընտրել եք մի մասնագիտություն, որն անմիջական կապ ունի մարդու առողջության հետ: Բժշկին, ստոմատոլոգին այցելելուց որևէ մեկը չի կարող խուսափել»,- շնորհավորելով Գիտելիքի օրվա և ԵՊԲՀ կատարած առաջին այցի առթիվ՝ ընդգծեց ֆակուլտետի ղեկավարը՝ հավելելով, որ մասնագիտական գիտելիքներին, առաջադիմությանը զուգահեռ կարևորում է սովորողների մարդկային հատկանիշները, ազնվությունը:
Լազար Եսայանը շեշտեց, որ ընկերների և դասախոսների հանդեպ հարգանքի մթնոլորտի ձևավորումը ևս առաջնային պահանջ է:
Պրոֆեսորը հորդորեց առաջին կուրսեցիներին կրթվել որպես հերոսներ, որոնք միայն ռազմաճակատում չեն աառաջատար, այլ յուրաքանչյուրն իր ոլորտում, քանի որ հայրենիքում ստեղծելը, արարելը մարդու լավագույն դրսևորումներից է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կազմակերպչական կարգապահական մի շարք հարցերի, ուսանողների իրավունքներին և պարտականություններին:
Որպես ֆակուլտետի ուսումնական լավագույն հաջողություն Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանը նախանշեց դուրս մնացած ուսանողների թիվը նվազագույնի հասցնելը կամ առհասարակ չլինելը:
Նա համառոտ ներկայացրեց ապագա ստոմատոլոգներին բժշկական 100-ամյա բուհը, որը հարազատ է իր յուրաքանչյուր շրջանավարտի համար:
Եվս մեկ անգամ կարևորվեց հակահամաճարակային կանոնների պահպանումը:
Ուսանողական խորհրդարանի հետ համատեղ ձևավորված ավանդույթի համաձայն ֆակուլտետում կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր: