Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մասնակից լինենք պատմությունը կերտելուն. ԵՊԲՀ-ն դիմավորեց առաջին կուրսեցիներին

Մասնակից լինենք պատմությունը կերտելուն. ԵՊԲՀ-ն դիմավորեց առաջին կուրսեցիներին

ԵՊԲՀ-ի բոլոր մասնաշենքերն այսօր մարդաշատ էին: Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին ձևավորված ավանդույթի համաձայն դիմավորեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Ֆակուլտետների դեկաններն առաջին կուրսեցիներին ներկայացրին ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները:

ԵՊԲՀ ռեկտորը՝ դիմելով ապագա բժիշկների նոր սերնդին ընդգծեց, որ այսօրվանից իրենք պատասխանատվություն են կրելու ոչ միայն իրենց հեռանկարների, այլև մարդկանց առողջության համար:

Բժշկական համալսարանը 100 տարվա պատմություն ունեցող մի կրթական հաստատություն է, որն արդեն գրեթե մեկ դար ապահովում է մեր ժողովրդի առողջությունը:

«Իհարկե, բժշկին հիշում են այն պահին, երբ խնդիր կա, սակայն առողջապահության հիմքում բնակչության առողջության պահպանումն է»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ բուհի ամենամեծ հպարտությունը Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում հաջողությամբ մասնագիտական գործունեություն իրականացնող շրջանավարտներն են:

Նա կոչ արեց ապագա բժիշկներին ակտիվ մասնակիցը դառնալ պատմությունը կերտելու գործընթացին և արժանի լինել ԵՊԲՀ ուսանողի և հետագայում բժշկի բարձր կոչմանը:

Արմեն Մուրադյանն ընդգծեց նաև, որ բոլոր ժամանակներում սպիտակ խալաթը յուրաքանչյուր բժշկի համար ամենացանկալի հագուստը պետք է լինի:

Առաջին կուրսեցիներին տրամադրվեց նաև հատուկ նրանց համար կազմված ուղեցույց, ինչպես նաև ցուցադրվեց ֆիլմ ԵՊԲՀ-ի գործունեության մասին:

Նշենք, նաև, որ ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցում ևս վաղ առավոտյան մեկնարկել էր տոնական միջոցառում աշակերտների և դպրոցի ուսուցիչների մասնկացությամբ: «Հերացի» ավագ դպրոցում քիմիայի առաջին դասը վարեց պրոֆեսոր Արմեն Մուրադյանը: