Մեկնարկում է ուսումնական գործընթացը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում գործող քոլեջում։
Շնորհավորելով ուսանողներին միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն ընդունվելու կապակցությամբ՝ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանն ընդգծեց, որ բժշկական բուհը մեծ ընտանիք է, իսկ իրենք արդեն այդ ընտանիքի մի մասն են։
«Ի սրտե ցանկանում եմ, որ բոլորդ ձեր նշանակալի ավանդն ունենաք բժշկագիտության բնագավառում։ Հուսով եմ՝ ձեր ուսումնառությունը Ալմա մատերի տանիքի ներքո կանցնի արդյունավետ, իսկ առաջացած խնդիրներն ու դժվարությունները հեշտ լուծելի կլինեն», – նշեց Ալեքսան Հովհաննիսյանը։ Նա ուսանողներին ծանոթացրեց քոլեջի գործունեությանը, ուսանողների իրավունքներին և պարտականություններին։
Տնօրենը հատուկ շեշտեց, որ բժշկությունը ենթադրում է կարգապահություն և դիմացկունություն։ Իսկ կարգապահությամբ և բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողներին հնարավորություն կընձեռվի այցելել ԵՊԲՀ հիվանդանոցներ՝ գործնականում ծանոթանալու վիրաբուժական հմտություններին։
Հանդիպման ավարտին ուսանողները և ծնողներն ուղղեցին իրենց հուզող հարցերը։
Նշենք, որ ԵՊԲՀ քոլեջ կարող են ընդունվել 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտած աշակերտները՝ առանց տարիքային սահմանափակման:
Շրջանավարտները ստանում են միջին բժշկական մասնագետի՝ պետական նմուշի դիպլոմ, աշխատանքի իրավունք ունենալով և՛ հանրապետությունում, և՛ արտերկրի բուժհիմնարկներում։
ԵՊԲՀ քոլեջում դասավանդում են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լավագույն դասախոսները: Դասընթացներն անցկացվում են բժշկական համալսարանի ամբիոններում և կլինիկաներում:
Նոր ուսումնական տարում ԵՊԲՀ քոլեջն ընդլայնել է միջին մասնագիտական կրթություն իրականացնելու շրջանակը․ արդեն իսկ դասավանդվող քույրական գործ, բուժական գործ, լաբորատոր ախտորոշում, ատամնատեխնիկական գործ և դեղագործություն մասնագիտություններին ավելացել է պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկի մասնագիտությունը։