Սպիտակ բանակը նախաձեռնել և հանձն է առել Ամիրդովլաթ Ամասիացու հայտնի աշխատության՝ «Օգուտ բժշկության» գրքի ընդօրինակված ձեռագիրը ձեռք բերել և նվիրել Մատենադարանին:
Այս իրադարձության հետ կապված «Հերացի» վերլուծականը իր` «Մեր Մեծերը» շարքի շրջանակում անդրադառնում է մեծ բնագետ, բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացու կյանքին, գործունեությանն ու աշխատություններին:
Միջնադարյան հայ մշակույթի պատմության մեջ եղել են գործիչներ, որոնք իրենց գիտական կենսագրությամբ ոչ միայն բնութագրել են իրենց ապրած դարաշրջանը, այլև առաջնորդող են եղել գիտության տվյալ բնագավառի հետագա զարգացման համար: Այս բնութագրումն իրավամբ կարելի է վերագրել 15-րդ դարի ամասիացի մեծ բժշկապետ Ամիրդովլաթին, որի բժշկագիտական ժառանգությունը մի ամբողջ ուղղություն դարձավ հետագա դարերի հայ բժիշկների համար: Նրա բեղուն, իր ժամանակի համար զարմանալի բժշկագիտական վաստակի անդրանիկ ստեղծագործությունը` «Ուսումն բժշկութեան» գործը միջնադարյան հայ բժշկագիտության մեջ արժևորվում է որպես տեսական բժշկության կարևոր ձեռքբերում:
Հեղինակը բժշկարանը գրել է 1459թ.-ին:
Մխիթար Հերացի բժշկապետի «Ջերմանց մխիթարություն»-ից 275 տարի անց` 1459 թ.-ին, Ամիրդովլաթ Ամասիացին գրում է իր անդրանիկ «Ուսումն բժշկութեան» գործը` մի եզակի աշխատություն: Այս բժշկարանը միջնադարյան հայ բժշկագիտության համար մեծ արժեք է ներկայացնում թեկուզ միայն այն պատճառով, որ Ամասիացի մեծ բժշկապետի այսօր հայտնի միակ ինքնագիր օրինակն է ու նաև նրանով, որ սա միջնադարյան հայ տեսական բժշկության առաջին ամփոփ գործն է. մինչ այս բժշկարանը մեծն Հերացու և այլ հայ բժիշկների բժշկարաններում անշուշտ առկա են տեսական բժշկությանն առնչվող եզրահանգումներ, սակայն որպես տեսական բժշկության ամբողջական գործ, ըստ մասնագետների կարծիքի, Ամիրդովլաթի այս բժշկարանը կարող է համարվել դրա առաջնեկը, քանզի «Ուսումն բժշկութեան» ստեղծագործությունը տեսական բժշկության, մասնավորապես, մարդակազմության, բնախոսության, առողջապահության եւ դեղագիտության մի կատարյալ հանրագիտարան է:
Ձեռագրում առկա է շատ կարևոր հիշատակարան, ուր արձանագրված է բժշկարանի գրվելու վայրը (Կ.Պոլիս), թվականը (1459թ.) և պատվիրատուի անունը (Շադր բեկի որդի Վարդ):
Ամիրդովլաթ Ամասիացին արդեն փորձառու և լայն գիտելիքների տեր հասուն բժիշկ էր, երբ 1459 թ. Կոստանդնուպոլսում Շադի-բեկի որդի Վարդի խնդրանքով գրեց իր առաջին աշխատությունը «Ուսումն բժշկութեան» վերնագրով, որի մեջ անտիկ բժիշկների` Հիպրոկրատեսի, Գաղիանոսի և արաբական բժշկության ճանաչված հեղինակությունների` Առ-Ռազիի և Իբն-Սինայի ոգով քննության են առնված սաղմնաբանության, մարդակազմության, բնախոսության, դեղագիտության և հիգիենայի հարցերը։
Ամիրդովլաթ Ամասիացին 15-րդ դարի հայ բժիշկ և գրող է: Նա մի շարք աշխատություններ է գրել բժշկության վերաբերյալ, որոնք հիմնականում կենտրոնացված են բուսաբուժության և դեղաբանության վրա, որտեղ օգտագործվում են դեղաբույսեր, կենդանական ծագման արտադրանք և հանքանյութեր: Ամասիացին իր բոլոր գործերը գրել է միջին հայերենով՝ ժամանակի խոսակցական լեզվով:
Իր աշխատանքներում Ամասիացին նկարագրել է եզակի բաղադրատոմսեր, որոնք ներկայացնում են Անատոլիայում (որտեղ նա ապրում և աշխատում էր) ժամանակի բժշկական գիտելիքների և սովորությունների նկարագրություն: Նա ներկայացրել է տարբեր բույսերի և հանքանյութերի ֆիզիկական և բուժական հատկությունները, ինչպես նաև աշխարհագրական տեղաբաշխումը՝ օգտագործելով տարբեր լեզուներ՝ հիմնականում հունարեն, արաբերեն, ֆրանսերեն և պարսկերեն:
Ամասիացու աշխատանքները, մասնավորապես՝ «Անգիտաց Անպետը», յուրահատուկ են՝ ունենալով նշանակալից դեր տարբեր մշակույթների ավանդույթների և ժառանգության պահպանման գործում: «Անգիտաց անպետը» հանրագիտարանային բնույթի պարզ դեղերի բառարան է, որն ընդգրկում է 1400 դեղամիջոցներ: Այն, անկասկած, Ամասիացու ամենակարևոր ձեռքբերումներից է: Բառարանը վկայում է դեղերի պատրաստման գործում բույսերի, կենդանիների և հանքանյութերի բուժիչ հատկությունների վերաբերյալ հեղինակի հսկայական գիտելիքների մասին: Ամասիացին ավելի մեծ նախապատվություն է տվել վայրի բույսերին՝ որպես դեղորայքի աղբյուր. նա առաջարկել է օգտագործել զաֆրան և հաշիշը՝ որպես ցավազրկող և քնաբեր դեղամիջոցներ: Ամասիացին խրախուսել է կենդանիների օրգանների, ինչպես նաև հանքանյութերի, մասնավորապես սովորական աղի օգտագործումը դեղերի պատրաստման համար և խորհուրդ է տվել երկաթով պատրաստել տարատեսակ պատրաստուկներ որովայնի և աղիքային հիվանդությունների, սակավարյունության բուժման համար, ինչպես նաև ծծմբային քսուք՝ մաշկի հիվանդությունների համար:
Մեկ այլ հայտնի աշխատություն է «Օգուտ Բժշկութեանը», որտեղ Ամիրդովլաթ Ամասիացին նկարագրել է հետևյալ օրգան-համակարգերի ավելի քան 200 հիվանդություն՝ սրտանոթային, շնչառական համակարգ, մարսողական համակարգ, միզասեռական օրգաններ, կենտրոնական նյարդային համակարգ:
«Օգուտ բժշկութեան»-ը գրված է իր ժամանակի լավագույն բժշկական երկերի մակարդակով և ընդհանրացնում է միջնադարյան հայ բժիշկների գիտելիքները բժշկության տեսական և գործնական հարցերի վերաբերյալ։ Առավել ուրույն բնույթ է կրում նրա երկի մահճաբուժության բաժինը։ Այստեղ համակարգված տրված են ներքին օրգանների, ուղեղի, նյարդերի, զգայարանների, սրտի, շնչառական օրգանների, լյարդի, ստամոքսի, աղիների, փայծաղի, միզասեռական և այլ համակարգերի 200-ից ավելի հիվանդությունների, ինչպես նաև ջերմերի, բարորակ և չարորակ ուռուցքների, թունավորումների, մաշկային և այլ հիվանդությունների նկարագրությունները և դեղաբուժման ու սննդաբուժման մեթոդները։
Իր կյանքի վերջին շրջանում նա ստեղծել է իր ամենանշանակալից աշխատությունները դեղագիտության վերաբերյալ «Ախրապատին»-ը (1481 թ.) և «Անգիտաց անպէտ»-ը (1482 թ.)։ Նրանցից քիչ առաջ Ամիրդովլաթը գրել էր «Գիրք ռամկական»-ը (1474 թ.), որն իրավունք է տալիս Մխիթար Հերացու նման նրան ևս աստղագետ կոչելու` այդ բառի միջնադարյան իմաստով, երբ հաճախ իրար էին հյուսվում աստղաբաշխություն և աստղագիտություն հասկացությունները։
Ամիրդովլաթ Ամասիացու սեղծագործության հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև նա զբաղվել է գործնական վիրաբուժությամբ, հատկապես ակնաբուժության բնագավառում, բայց ամբողջությամբ վերցրած նա նախապատվությունը տալիս էր բուժման կոնսերվատիվ մեթոդներին (դեղաբուժություն, բուսաբուժություն, սննդաբուժություն)։ Հարկավոր է նշել նաև, որ հայ բժշկապետի ինքնատիպությունն առավել որոշակի հանդես է գալիս դեղագիտության բնագավառում, որտեղ նա իմի է բերել ժողովրդական բժիշկների և դասական բժշկության ներկայացուցչների դարավոր փորձը։
Ամիրդովլաթի «Անգիտաց անպետ»-ը, որ հանդիսանում է միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան (ըստ որում դեղանունները տրված են հինգ լեզուներով` հայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն և պարսկերեն), պարունակում է 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների և հանքային նյութերի անվանումներ ու նրանց հոմանիշները, իրավամբ համարվում է հայկական բժշկության գագաթը։ Այդ գործի հետազոտությունն արդի բժիշկներին հնարավորություն է տալիս ծանոթանալու միջնադարյան հայ բժշկության դեղամիջոցների և առաջին հերթին բուսաբուժության հետ, որը նրա ամենակարևոր բնագավառն էր։
Բազմակողմանի ընդունակություների տեր Ամիրդովլաթն օժտված էր նաև բանաստեղծական ձիրքով, որն իր արտահայտությունն է գտել նշված երկերում գրված ասույթներում և բանաստեղծություններում։ Բժշկի պարտքի խոր գիտակցությամբ, բարոյագիտական բարձր պահանջներով են լցված Ամիրդովլաթի աշխատությունները։ Նա հաճախ կանգ է առնում բժշկի բարոյական նկարագրի վրա. «Բժիշկը պետք է օժտված լինի բանականությամբ և պարտքի գիտակցությամբ։ Ոչ մի դեպքում նա չպետք է լինի գինեմոլ, ագահ և շահախնդիր։ Նա պարտավոր է սիրել աղքատներին, լինել գթառատ, նվիրված, աստվածավախ, բարոյապես մաքուր։ Եթե նա չի կարողանում հասկանալ հիվանդության էությունը, ապա պետք չէ որ դեղ տա հիվանդին, որպեսզի չարատավորի իր անունը։ Իսկ եթե նա անգետ է, ապա ավելի լավ է նրան չհրավիրել հիվանդի մոտ և ընդհանրապես նրան բժիշկ չհամարել»։
Այս պահանջներից շատերը ժամանակին ձևակերպել է դեռ անտիկ բժշկության հայրը` Հիպոկրատը։
Բոլոր մեծ բժիշկների նման Ամիդովլաթը մենակ չէր գիտության մեջ։ Նա ստեղծեց հայ բժիշկների մի ամբողջ դպրոց, որը գոյատևեց մի քանի դար շարունակ, և որի ազդեցության հետքերը նշմարվում են Սեբաստիայի բժշկական դպրոցի ներկայացուցիչների` Հովասափ, Ասար և Բունիաթ Սեբաստացիների երկրում։ Ամիրդովլաթ Ամասիացու գրքերը, որոնց մեջ, ինչպես և Իբն-Սինայի «Կանոն»-ում, ներկայացված են բժշկության գրեթե բոլոր կարևոր բաժինները` սաղմնաբանությունը, մարդակազմությունը, բնախոսությունը, մահճաբուժությունը, դեղագիտությունը, վիրաբուժությունը և թերապիան, դարեր շարունակ հանդիսացել են բժշկական գիտելիքների հանրագիտարան։
Աշխարհով մեկ ցրված նրանց բազմաթիվ ձեռագիր ընդօրինակությունները խոսում են այն մեծ հետաքրքրության մասին, որ ցուցաբերել են միջնադարյան հայ բժիշկները Ամիրդովլաթ Ամասիացիու ստեղծագործության նկատմամբ։
Վաղը՝ նոյեմբերի 15-ին, մեզ սպասվում է հիշարժան և պատմական օր, ինչպես մեր բուհի, այնպես էլ շատերի համար: Համալսարանի ղեկավարությունը, ուսանողական համայնքն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատիվ ունի մասնակցել պատմական իրադարձության: