«Մեր մեծերը». Ջոն Նաջարյան

«Մեր մեծերը». Ջոն Նաջարյան

Այսօրվա «Մեր մեծերը» շարքի հերթական նյութը նվիրված է ամերիկահայ փոխպատվաստող վիրաբույժ, փոխպատվաստման վիրահատության ռահվիրա, բժշկագիտության դոկտոր, Մինեսոտայի համալսարանի փոխպատվաստման վիրաբուժական բաժանմունքի վարիչ պրոֆեսոր Ջոն Սարգսի Նաջարյանին։

Ջոն Նաջարյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 22-ին Կալիֆոռնիայում։ Նրա հայրը Խարբերդից էր։ Կիսելով միլիոնավոր հայրենակիցների ճակատագիրը՝ օվկիանոսից այն կողմ էր հայտնվել թուրքական հալածանքներից փրկվելու համար։ Պատանի տարիքում Ջոնը ֆուտբոլով էր հետաքրքրվում, խաղում էր Կալիֆոռնիայի համալսարանի ֆուտբոլային թիմում: Սակայն 1954 թվականին ԱՄՆ-ի Բրիգամ հիվանդանոցում տեղի ունեցած իրադարձությունը` միաբջիջ երկվորյակ եղբայրների միջև երիկամի փոխպատվաստման հաջողված վիրահատությունն ամբողջովին հեղափոխեց նրա մտքերը և Ջոն Նաջարյանն այդ վայրկյանից իր կյանքը նվիրեց օրգանների փոխպատվաստմանը:

1954 թվականին Ջոն Նաջարյանը ծառայում էր ԱՄՆ ռազմաօդային ուժերում. Նյու Մեքսիկոյում տեղակայված օդային դիվիզիայի վիրաբույժն էր։ Ծառայությունն ավարտելուց հետո առաջինը, ինչ արեց Նաջարյանը, իմունաբանություն ուսումնասիրելն էր։

«Ինձ նախ պետք էր գտնել մեկին, ով կսովորեցնի ինձ դա, քանի որ այն ժամանակ իմունաբանությունն ինձ համար ընդամենը բառ էր»,- ասել է նա հարցազրույցներից մեկի ժամանակ։

Օրգանների փոխպատվաստման վիրահատությունների ամենամեծ ռիսկն այն էր, որ փոխպատվաստված օրգանը չէր ընդունվում պացիենտի իմունային համակարգի կողմից, փոխպատվաստված հյուսվածքները սկսում էին ոչնչանալ։ Նաջարյանը գիտեր՝ ոլորտում նորարարություն բերելու համար հենց իմունաբանության մեջ պետք է խորանա, այդտեղ պետք է ելքը գտնի։ Այսպիսով նա փնտրում, գտնում և կապ է հաստատում ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Փիթսբուրգի համալսարանում, ապա Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտում նա վերապատրաստվում, ապա նաև պրակտիկա է անցնում։

1967-ին հայ բժիշկն աշխատանքի է անցնում  Մինեսոտայի համալսարանում, որտեղ ղեկավարում է վիրաբուժական բաժանմունքը: Հենց համալսարանի հիվանդանոցում է նա հարյուրավոր կյանքեր փրկում վիրահատությունների միջոցով։

1982թ.-ին Ջոն Նաջարյանը բարդագույն վիրահատության պատասխանատվություն է ստանձնում։ Նորածին տղայի ապրելու միակ հույսը կարող էր երիկամի փոխպատվաստումը դառնալ։ Բժիշկ Նաջարյանը վիրահատում է փոքրիկ Ջեյմիին, երբ նա ընդամենը 11 ամսական էր և փրկում է նրան։

Նաջարյանի կատարած վիրահատության մասին խոսում էր ամբողջ բժշկական աշխարհը, դա չտեսնված մի բան էր, հրաշք, որը Նաջարյանն էր գործել։

Աշխատանքային գրեթե չորս տասնամյակների ընթացքում հայազգի վիրաբույժն անթիվ հաջողված վիրահատություններ է իրականացնում, իր գիտելիքներն ու հմտությունները փոխանցում երիտասարդներին, աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ վիրաբույժների վերապատրաստում։

1977-ին Նաջարյանն ընտրվում է Ամերիկայի փոխպատվաստող վիրաբույժների ընկերության նախագահ:

1960-ականներին Մինեսոտայի համալսարանում Նաջարյանը գործընկերոջ հետ զբաղված էր հակալիմֆոցիտար գլոբուլինի ՝ALG-ի ուսումնասիրությամբ։ Այս դեղամիջոցն, այսպես ասած, նվազեցնում էր իմունային համակարգի կողմից նոր օրգանի մերժումը, հետևաբար՝ նպաստում օրգանների փոխպատվաստման վիրահատությունների հաջող ելքին։  ԱՄՆ սննդի և դեղամիջոցների վերահսկման դեպարտամենտը (FDA) թույլ տվեց արտադրել դեղամիջոցը, սակայն արգելեց շահույթ ստանալ դրանից։

Երիկամի, այսպես ասած, մեկ տարի ապրելու հավականությունն այս դեղամիջոցի շնորհիվ 40%-ից բարձրացավ մինչև 80%։ Նաջարյանը փնտրում էր մասնավոր դեղագործական ընկերություններ, որոնք կարտադրեին դեղամիջոցը, սակայն ապարդյուն։ Ստիպված արտադրությունը սկսում է Մինեսոտայի համալսարանի լաբորատորիայում։

1995 թվականին, երբ Նաջարյանի զարգացրած դեղամիջոցն աշխարհում իր հաջողության գագաթնակետին էր հասել, բժշկական աշխարհը ցնցվեց՝ Նաջարյանին մեղադրանք առաջադրվեց խաբեության, հարկեր չվճարելու և մի շարք այլ հոդվածներով։ FDA-ը պնդում էր, թե բժիշկը դեղամիջոցն արտադրում էր սեփական շահի համար և այլն։ Երկար ու ձգձգված դատական գործընթացի արդյունքում Ջոն Նաջարյանը լիովին անմեղ ճանաչվեց։ Այդպես որոշեցին երդվյալ ատենակալները։ Դատավորը, ատենակալների որոշումն ընթերցելուց հետո, իր կողմից ասել է. «Եթե անկեղծ, ես նույնիսկ չեմ հասկանում, թե մենք ինչու ենք այստեղ»։

Թեպետ Նաջարյանն արդարացվեց, բայց ALG-ի արտադրության վրա դրված արգելքը չվերացվեց։ Արդյունքում ամենից շատ տուժեցին փոխպատվաստման վիրահատություն տարած պացիենտները, որոնք ստիպված եղան օգտվել ALG-ին փոխարինող, ավելի թանկարժեք դեղամիջոցներից։

Մասնագետները կասկածներ ունեն, որ այս ամենի հետևում ոչ միայն FDA-ի, այլև դեղագործական մեծ ընկերությունների շահերն էին, որոնք հասկացել էին, թե ինչքան մեծ եկամուտներ են իրենց ձեռքից հոսում ALG-ի պատճառով։

Անշուշտ, այս պատմությունը վատ անդրադարձավ բժշկի հեղինակության վրա, բայց նրա վաստակը շարունակվեց գնահատվել ամբողջ աշխարհում։ Նրա աշակերտներն այսօր հաջողված վիրահատություններ են կատարում աշխարհի տարբեր անկյուններում, նա բազմաթիվ գիտական հոդվածների ու գրքերի հեղինակ է։

Նաջարյանը համարվում է օրգանների ժամանակակից փոխպատվաստման հայրը, որովհետև նա այս ոլորտում այնպիսի ընթացակարգեր ներդրեց, որոնք հիմա սովորական են համարվում ու կիրառվում են աշխարհով մեկ` մեծապես ընդլայնելով օրգանների փոխպատվաստման փրկարար ներուժը։ Նա օրգանների փոխպատվաստման պրակտիկան գրեթե միայնակ հասցրել է այն մակարդակին, որ տարիներ առաջ արտառոց համարված այդ միջամտությունն այժմ վերածվել է սովորական բժշկական միջամտության։

Վիրաբույժ, փոխպատվաստման նորարար Ջոն Նաջարյանը մահացել է 92 տարեկանում` 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Մինեսոտա նահանգի Սթիլուոթեր քաղաքում` անջնջելի հետք թողնելով համաշխարհային բժշկության մեջ: