Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մասնագիտական գիտելիքներից զատ բժիշկը պետք է լինի նաև մարդասեր և համբերատար

Մասնագիտական  գիտելիքներից զատ բժիշկը պետք է լինի նաև մարդասեր և համբերատար

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի միկրովիրաբուժության ամբիոնի երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Կարեն Պողոսյանը վստահ է՝ բացի մասնագիտական խորը գիտելիքներից բժիշկը պետք է լինի նաև մարդասեր, համբերատար և ոչինչ չխնայի մարդկանց օգնելու, առողջությունը վերականգնելու համար:

ԵՊԲՀ սովորողը բժշկությունը համարում է ամենակարևոր և հետաքրքիր մասնագիտություններից, ինչը շարունակական ջանքեր և աշխատասիրություն է պահանջում, ուստի մասնագիտություն ընտրելիս կանգ է առել հենց բժշկի ուղու վրա: 

Ապագա միկրովիրաբույժն աշխատում է շտապօգնության ծառայությունում:  Նա ևս սպիտակ բանակի շարքը համալրելով Արցախյան վերջին պատերազմի ժամանակ կատարել է բժշկի կարևոր և պատասխանատու պարտականությունները: 

«Աշխատելով շտապօգնությունում որպես բրիգադի բժիշկ պատերազմի առաջին օրվանից ներգրավված եմ եղել մեր հերոս տղաների տեղափոխման աշխատանքներում: Ամեն անգամ Երևան հասնելուն պես, ծնողների՝ իրենց որդիների սպասումը տեսնելը, ստիպում էր, որ առանց մի վայրկյան վարանելու գնամ մյուս տղաների հետևից»,-նշում է կլինիկական օրդինատորը: 

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ բժշկի աշխատանքի լարվածությունը կրկնակի մեծանում է, քանի որ վիրավորներն առաջին հերթին հայրենիքի պաշտպաններ են:

Կարեն Պողոսյանին պատերազմը ստիպել է վերարժևորել կյանքը, ավելի շատ սիրել և գնահատել հայրենիքը. «Մենք բոլորս պարտավոր ենք ապրել և շենացնել մեր հայրենիքը»:

Կլինիկական օրդինատորը թեև ազատ ժամանակ քիչ ունի, բայց սիրում է անցկացնել ընկերների հետ, ճամփորդել և նոր բացահայտումներ անել:

Ապագա միկրովիրաբույժը պատերազմում ակտիվ մասնակցության համար արժանացել է նաև պետական պարգևի ՝ «Մխիթար Հերացի» մեդալի: