Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սարո Մանասյանն Արցախ է վերադառնալու որպես բժիշկ՝ հայրենիքին ծառայելու մղումով

Սարո Մանասյանն Արցախ է վերադառնալու որպես բժիշկ՝ հայրենիքին ծառայելու մղումով

Բժիշկ դառնալու գործընթացը երկար ու պատասխանատու ճանապարհ է, որը 100-ամյա բուհի ուսանողները հաղթահարում են՝ որպես մարտահրավեր ունենալով այնպիսի փորձություններ, ինչպիսիք են համավարակն ու պատերազմը: 

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Սարո Մանասյանը, վերահաստատելով բժիշկ դառնալու իր պատասխանատու որոշումը, նշում է՝ պատրաստվում է լրջորեն վերաբերել ընտրած մասնագիտությանը: «44-օրյա պատերազմի ժամանակ առիթ եմ ունեցել աշխատել Հիպրոկրատի երդում տված, օրուգիշեր չքնող, տարբեր աստիճանի ծանրության վիրահատություն իրականացրած,  մասնագիտական պարտքը կատարող բացառիկ բժշկների հետ»,- մատնանշում է պատերազմի առաջին օրն Արցախ մեկնած ապագա բժիշկը: 

Սարո Մանասյանը Ստեփանակերտի մանկական հիվանդանոցներից մեկում իրականացրել է վիրավորներին օգնություն ցույց տալու իր առաքելությունը: Հոկտեմբերի կեսերից ներգրավվել է շտապօգնության ծառայության աշխատանքներին, մասնակցել է Արցախից Երևանի բուժհիմնարկներ վիրավորների տեղափոխման գործին: 

Պատերազմի ընթացքում շտապօգնության ծառայության բրիգադի կազմում ԵՊԲՀ սովորողն ունեցել է շուրջ 20 այց դեպի Արցախ և Վարդենիս:

Լինելով ծնունդով Արցախից՝ միշտ զգացել է պատերազմի վտանգը:

Բժշկական բուհի 5-րդ կուրսի ուսանողը նշում է, որ չնայած դժվարություններին՝ պատերազմի ժամանակ ներդրել է բոլոր ջանքերն իր առջև դրված խնդիրները ճիշտ լուծելու համար: «Այդ օրերին ինչպես յուրաքանչյուրի, այնպես էլ մեզ վրա մեծ պատասխանատվություն էր դրված՝ վստահված գործը պատվով կատարելու համար»,-ընդգծում է սովորողը:

Նրա խոսքով՝ վիրավոր զինվորներից շատերն իր հասկակիցներն էին կամ տարիքով իրենից փոքր: «Դա ինչ-որ չափով ազդում էր իմ ներաշխարհի վրա, սակայն, գիտակցելով իմ ընտրած մասնագիտության կարևորությունը, հասկանում էի, որ իրավունք չունեմ առաջնորդվել զգացմունքներով, ինչը ստիպում էր հաղթահարել դժվարությունները»,-ավելացնում է նա:

Խոսելով բժշկի մասնագիտության ընտրության մասին՝  նշում է, որ մանկուց իրեն հետաքրքրել է մարդու օրգան-համակարգը, գործունեությունը, մեխանիզմները: 

Ապագա բժիշկն արդեն կողմնորոշվել է նաև մասնագիտացման ընտրության հարցում: Հաշվի առնելով, որ հնարավորություն է ունեցել մասնակցել տարբեր վիրահատությունների` նախանշում է ընտրել ընդհանուր վիրաբույժի ուղին: «Իմ նպատակն է դառնալ լավ մասնագետ, օգտակար լինել հայրենիքին, Արցախ աշխարհին»,- ընդգծում է նա` փաստելով, որ Արցախ վերադառնալու է՝ արդեն որպես բժիշկ: 

Կարևորելով բժշկի կայացման ընթացքում գործնական հմտությունների ձեռքբերումը` այժմ իր գործունեությունը շարունակում է Երևանի շտապօգնության ծառայությունում: 

Սարո Մանասյանը բժշկական համալսարանի այն ուսանողներից, որը սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրված և անմնացորդ ծառայության համար պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով: