Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հետ համատեղ անցկացվող և «Ձգտելով կատարելության» խորագիրը կրող միջազգային բժշկական համագումարը։

Հագեցած օրակարգի երկրորդ օրը մեկնարկեց Ֆրեզնոյի “Community Regional” բժշկական կենտրոնի Գլխուղեղի կաթվածի բաժանմունքի բժշկական տնօրեն Հանա Չոյի զեկույցով։ Նա խոսեց գլխուղեղի կաթվածի, դրա կանխարգելման և բուժման հեռանկարների մասին։

Մասնագետը որոշակի հետազոտություն էր կատարել Հայաստանի վերաբերյալ։ «Այստեղ՝ Կալիֆորնիայում, մենք ունենք շատ մեծ հայկական համայնք։ Փաստացի հայերը եղել են Ֆրեզնոյի առաջին բնակիչներից», – նշեց Հանա Չոն:

Զեկույցի ընթացքում նա բնորոշեց, թե ինչ է գլխուղեղի կաթվածը, առանձնացրեց գլխուղեղի կաթվածի տեսակները։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշ տվյալներով՝ գլխուղեղի կաթվածը Հայաստանում մահացության թվով 2-րդ հիմնական պատճառն է, մինչդեռ Միացյալ Նահանգներում այն մահացության թիվ 5 պատճառն է։ Աշխարհի մնացած երկրներում այն շարունակում է մնալ մահացության թիվ 2 հիմնական պատճառը», – ընդգծեց Հանա Չոն։

Աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի ավագ դասախոս Լիլիթ Գալստյանն անդրադարձավ աղետալի իրավիճակներում Հայաստանի առողջապահական համակարգի առջև ծառացած մարտահրավերներին։  

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանը ներկայացրեց գլխուղեղի կաթվածի բուժման գործընթացում առաջընթացը մեր երկրում։ Մասնավորապես, ներկայացրեց գլխուղեղի կաթվածի տարբեր տեսակների ախտորոշման և բուժման արդյունավետ մեթոդները, անհրաժեշտ վիրաբուժական միջամտությունները։ Ցանկացած սուր գլխացավ, մասնագետի խոսքով, պետք է դիտարկել՝ համապատասխանաբար արձագանքելով և հստակ ախտորոշում սահմանելով։

Վաշինգտոնի համալսարանի Ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Պոլ Մերգերյանը խոսեց ուրոլոգիական խնդիրների մասին՝ վկայակոչելով վերջին 40 տարվա ընթացքում քաղված դասերը` անդրադառնալով միզուղիների խնդիրների հայտնաբերմանը, միզուղիների հիվանդություններին և դրանց բուժման ուղիներին, միզապարկի խորը դիսֆունկցիաներին, հատկապես երեխաների դեպքում:

Ճառագայթաբան Հովհաննես Վարդևանյանը ներկայացրեց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի գնահատման գործընթացը և դրա չափանիշները։

«Ձգտելով կատարելության» խորագրով միջազգային բժշկական համագումարն ամփոփեց աշխատանքները՝ ժամանակակից բժշկագիտության ոլորտում կարևորագույն հարցերի քննարկումը հաջորդ տարի ևս շարունակելու հստակ պատրաստակամությամբ։

Հիշեցնենք, որ բժշկական մեծ առաքելություն իրականացնող ամերիկահայ բժիշկների պատվիրակությունն արդեն 12-րդ անգամ է Հայաստանում։

Մեկ ամսվա ընթացքում նրանք կայցելեն Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների (Գյումրի, Կապան) հիվանդանոցներ՝ հանդիպումներ և խորհրդատվություն անցկացնելով հայաստանցի մասնագետների հետ՝ ի նպաստ հայրենիքի։