Սիրելի ապագա բժիշկներ, համալսարանականներ, գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ 2024 թվականը լինի խաղաղության, երջանկության, առաջընթացի և միայն ձեռքբերումների տարի։
Կարող ենք արձանագրել, որ 2023-ը հաջողված էր բժշկական մայր բուհի համար, մենք շարունակեցինք կրթական, գիտական, կլինիկական, միջազգային ուղղություններով մեր զարգացման ծրագրերը:
Մեր մեծ բժշկական ընտանիքի անդամների թիվն ավելացավ և ընդլայնվեց:
ԵՊԲՀ-ում ամեն երրորդ ուսանող այլ երկրից է ժամանել բժշկական կրթություն ստանալու համար, բայց մեր նպատակն է, որ առաջիկայում այս ցուցանիշը հատի ամեն երկրորդը:
Այս տվյալը վկայում է, որ բուհն ունի միջազգային բարձր վարկանիշ, վստահելի տեղ միջազգային բժշկական բուհերի շարքում: Տարեվերջն առիթ է՝ ամփոփելու աշխատանքն ու նախանշելու նոր ծրագրերը:
Աներկբա է, որ կրթության որակի բարելավումը, բարեփոխումների իրականացումը շարունակական գործընթաց է:
Միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթության ապահովումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունը պետք է լինի՝ այն գիտակցությամբ, որ այստեղ են դրվում երկրի բժշկագիտական, առողջապահական համակարգի հիմքերը, որոնք որքան ամուր լինեն, այնքան ամուր ու տնտեսապես ուժեղ կլինի նաև մեր պետությունը:
2023-ը ևս Հայաստանի համար դժվար ժամանակահատված էր, ունեցանք անդառնալի կորուստներ: Մեր հայրենակիցների ընտանիքներին մաղթում եմ ուժ, ամրություն՝ հաղթահարելու դժվարությունները: Խոնարհում մերօրյա հերոսների հիշատակին:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տասնյակ բուժաշխատողներ մասնագիտական գործունեությունը շարունակում են համալսարանական տանիքի ներքո: Բազմաթիվ փորձություններ հաղթահարելուց հետո նրանք ուժ են գտել իրենց մեջ, մասնագիտական երդմանը հավատարիմ շարունակելու մարդկանց առողջություն պարգևելու, կյանքեր փրկելու առաքելությունը: Սա շատ կարևոր է, և հատուկ շնորհակալություն նրանց:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել նաև տոնական օրերին բուժհաստատություններում հերթապահող մեր գործընկերներին, համալսարանական հիվանդանոցների բոլոր բուժաշխատողներին, թող 2024-ը լինի արդյունավետ աշխատանքի, ծրագրերի ու նպատակների իրագործման տարի:
Կրկին շնորհավորելով բոլորին՝ ընդգծեմ, որ գալիք տարում ևս մեր ջանքերն ուղղելու ենք ավելի քան մեկ դարյա կենսագրությամբ բժշկական մայր բուհի զարգացմանն ու առաջընթացին: Վստահ եմ՝ հաջողելու ենք:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյան