«Կենսաակտիվ միացությունները և ֆունկցիոնալ սնունդը հիվանդությունների կանխարգելման և կլինիկական սնուցման մեջ» 37-րդ միջազգային գիտաժողովը (FFC37) մեկնարկեց հոկտեմբերի 22-ին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում՝ համախմբելով տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետներին։
ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի և ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի (Functional Food Center) հետ համատեղ կազմակերպված գիտաժողովի ընթացքում հայ և օտարերկրացի (Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Ռուսաստան, Հունգարիա, Հունաստան, Վրաստան, Իրան) մասնակիցները կներկայացնեն ֆունկցիոնալ սննդի և կենսաակտիվ միացությունների կիրառման, հիվանդությունների կանխարգելման, աղիքային միկրոբիոտայի, սննդի որակի և անվտանգության վերաբերյալ արդի հետազոտությունները։
Ներկաներին ողջունեց Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը։
«Այստեղ տեսնում ենք տարբեր՝ դեղագործական, առողջապահության կազմակերպման, այլ ոլորտների ներկայացուցիչների, ինչը վկայում է այն մասին, որ գիտաժողովը հայ և օտարերկրացի գիտնականների համար փորձի փոխանակման, նոր համագործակցության զարգացման լավ հարթակ է և մեծ հնարավորություն»,- ասաց պրոռեկտորը` շեշտելով, որ լայն է զեկույցների թեմատիկ ընգրկումը:
Գիտաժողովի համանախագահ, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մարինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ համատեղ իրականացվող միջոցառման ուշադրության կենտրոնում այն հարցն է, թե ինչպես կարող են սնունդը և դրա կենսաակտիվ բաղադրիչները նպաստել առողջության պահպանմանը և հիվանդությունների կանխարգելմանը, և ինչ գիտական ապացույցներ կան դրանց արդյունավետ դերակատարման վերաբերյալ։
«Հատկապես կարևոր է, որ գիտական հետազոտությունների արդյունքները նպաստեն սնուցման վերաբերյալ հիմնավորված մոտեցումների զարգացմանը և հանրային առողջության բարելավմանը»,- ընդգծեց դեկանը։
Գիտաժողովի նախագահ, ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի և Ֆունկցիոնալ սննդի ինստիտուտի նախագահ Դանիկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Հանրային առողջության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մարինե Հովհաննիսյանին, Ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նաիրա Չիչոյանին և բժշկական բուհին՝ գիտաժողովը կազմակերպելու և այն կյանքի կոչելու համար։
«Արդեն չորրորդ տարին է Հայաստանում ենք, ներկայացնում ենք ֆունկցիոնալ սնունդը, որը բավականին մեծ հնչեղություն ունի միջազգային բնագավառում, մանավանդ Ճապոնիայում՝ հաստատված կառավարության կողմից։ Պատահական չէ, որ մենք արդեն չորրորդ անգամ Ճապոնիայում կազմակերպում ենք համատեղ այսպիսի միջազգային գիտաժողովներ և երկու շաբաթ առաջ Տոկիոյում կազմակերպեցինք 36-րդ միջազգային կոնֆերանսը, իսկ այժմ այստեղ ենք։ Կոնֆերանսի ուղղությունն առնչվում է բժշկության հետ, և մենք ցանկանում ենք, որպեսզի պրոֆեսորադասախոսական կազմից բացի, բժիշկները ևս ներգրավված լինեն, քանի որ օգտակար ֆունկցիոնալ սննդի ստեղծումը կապ ունի ինչպես երկարակեցության, այնպես էլ տարբեր հիվանդությունների բուժման հետ»,- մանրամասնեց Դանիկ Մարտիրոսյանը՝ կարևորելով ոլորտի նորություններին բժիշկների հաղորդակից լինելը:
Գիտաժողովի առաջին օրվա առաջին զեկուցողը ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Դիանա Անդրեասյանն էր, ով ներկայացրեց «Ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածությունը, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների բեռը Հայաստանում. սնուցման և կանխարգելման ռազմավարությունների դերը» թեման։
«Ֆունկցիոնալ սննդամթերքների անհատական ընտրության նորարարական, ոչ ինվազիվ մոտեցում՝ հիմնված աղիքային միկրոբիոտայի վրա դրանց ազդեցության վրա» զեկույցը Ե. Ի. Չազովի անվան ռուսական սրտաբանական գիտաարտադրական համալիրի փորձարարական սրտաբանության ինստիտուտի, Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հիմնարար բժշկագիտության ֆակուլտետի դեղաբանության ամբիոնի ներկայացուցիչ Օլեգ Մեդվեդևի մատուցմամբ էր։
Հունգարիայի Մոսոնմագյարովար քաղաքի Széchenyi István համալսարանի Ալբերտ Կազմերի գյուղատնտեսական և պարենային գիտությունների ֆակուլտետի սննդաբանության բաժնի ներկայացուցիչ Թարեք Ալշաալը լսարանին ներկայացրեց «Կանաչ կենսազանգվածը՝ որպես սպիտակուցի և կենսաակտիվ միացությունների աղբյուր ֆունկցիոնալ սննդի մշակման համար» մասնագիտական նյութը։
Աթենքի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Գործադիր կոմիտեի փոխնախագահ (FAO Executive Committee / European Commission on Agriculture) Սերկոս Հարությունյանը ֆունկցիոնալ սննդի մասին խոսելիս մեջբերեց անտիկ հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատի խոսքերը. «Մենք այն ենք, ինչ ուտում ենք»։
«Սա ուղղություններից մեկն է, որն ուսումնասիրում է առավել օգտակար սննդի հնարավորությունները և կիրառում այն նաև որոշ հիվանդությունների, օրինակ՝ սիրտ-անոթային, չարորակ գոյացությունների կանխարգելման նպատակով։ Մարդիկ պետք է առավել առողջ սնվեն՝ խուսափելու համար տրանսճարպերից, վնասակար լիպիդներից»,- շեշտեց Հունաստանից ժամանած մասնագետը՝ խոսելով նաև ֆունկցիոնալ սննդի բաղադրության մասին։
«Շրջանաձև տնտեսություն․ ագրոարդյունաբերական թափոնների վերափոխումը նորարարական ֆունկցիոնալ սննդամթերքի». այն թեման էր, որին մասին էր Սերկոս Հարությունյանի զեկույցը։
Մոսկվայի Վ. Մ. Գորբատովի անվան սննդային համակարգերի դաշնային հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Մարինա Նիկիտինան անդրադարձավ մասնագիտացված արտադրանքի բաղադրությանը և հատկությունների մշտադիտարկմանը՝ արհեստական բանականության կիրառմամբ։
«Վրացական թեյի կատեխինները և հակաօքսիդանտային ակտիվությունը». Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի բժշկական կենսատեխնոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր Իրակլի Չխիկվիշվիլիի ներկայացրած թեման էր։
«Aesculus hippocastanum L.-ի էթանոլային էքստրակտի պրեբիոտիկանման և հակաօքսիդանտային ակտիվությունը. ազդեցությունը պրոբիոտիկ լակտոբացիլների և լիպիդների պերօքսիդացման վրա» զեկույցով հանդես եկավ Էդինբուրգի համալսարանի մասնագետ Համլետ Կարայանը։
Այսպիսով, շուրջ 100 զեկուցում և քննարկումներ ընդգրկող հավաստագրված միջոցառումը՝ բուժաշխատողների, դեղագետների, դասախոսների, ոլորտով հետաքրքրված մասնագետների մասնակցությամբ, կշարունակի աշխատանքը հոկտեմբերի 23-ին՝ առկա, հոկտեմբերի 24-ին՝ առցանց ձևաչափում։