Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ամերիկահայ անվանի պրոֆեսոր Լևոն Նազարյանը հեղինակավոր մրցանակի է արժանացել

Ամերիկահայ անվանի պրոֆեսոր Լևոն Նազարյանը հեղինակավոր մրցանակի է արժանացել

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական խորհրդի անդամ, Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի ղեկավար, ԱՄՆ-ի առաջատար ռադիոլոգ, պրոֆեսոր Լևոն Նազարյանն արժանացել է «Ժոզեֆ Հոլսմի կլինիկական նախաձեռնող» (2017 Joseph H. Holmes Clinical Pioneer Award) մրցանակին:

Այս մրցանակը տրվում այն անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն ուլտրաձայնային ախտորոշման զարգացման գործում: Լևոն Նազարյանը մեծապես նպաստել է ռադիոլոգիայի զարգացմանը, որակյալ մասնագետների պատրաստմանը: Անվանի բժիշկ-գիտնականը մասնակցել է ավելի քան 450 դասախոսությունների աշխարհի տարբեր երկրներում: Նշենք, որ ԵՊԲՀ-ն երկար տարիներ համագործակցում է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի Ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի հետ:

Այդ համագործակցության շնորհիվ ԵՊԲՀ-ում 2000թ. բացվեց Ուլտրաձայնային ուսուցողական կենտրոն, իսկ 2010թ. «Հերացի» համալսարանական հիվանդանոցում՝ նոր համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիսա-ռեզոնանսային հետազոտության սարքերով հագեցած Ռադիոլոգիայի կենտրոն: Այդ կենտրոնների բացման և հետագա աշխատանքային գործընթացում մեծածավալ մասնագիտական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ամերիկահայ գործարար-բարերար Նազար Նազարյանը և նրա որդին՝ ԱՄՆ-ում հայտնի ռադիոլոգ Լևոն Նազարյանը: Հայկական բարեգործական ընդհանուր միության և մասնավորապես՝ Նազարյանների ընտանիքի ֆոնդի ֆինանսական աջակցության շնորհիվ համալսարանական հիվանդանոցը համալրվեց նորագույն 1.5 Տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով:

https://agbu.org