ARICE ծրագիրը՝ որպես հաջողված մոդել Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովում. Տեսանյութ

ARICE ծրագիրը՝ որպես հաջողված մոդել Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովում. Տեսանյութ

Բիոպահպանման և բիոբանկավորման Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Միության (ESBB- European, Middle Eastern & African Society for Biopreservation and Biobanking) նախագահ, ԵՊԲՀ շրջանավարտ, Բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, ԵՄ ARICE ծրագրի փորձագետ Կարինե Սարգսյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության Լաբորատոր ծառայության և  բիոբանկի խմբի ղեկավար, ԵՄ ARICE ծրագրի փորձագետ Զիսիս Կոզլակիդիսը ելույթներ ունեցան Կատարում կայացած Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովում (World Innovation Summit for Health (WISH) 2022):

Ուշագրավ է, որ աշխարհահռչակ հայազգի պրոֆեսոր, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար, լորդ Արա Դարզին Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է, իսկ հանրահայտ բիոտեխնոլոգ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը՝ հիմնական բանախոսներից մեկը։  

Վերը նշված կարևորագույն առողջապահական միջոցառման շրջանակում հոկտեմբերի 5-ին կայացած պանելային քննարկումը նվիրված էր ճշգրիտ ախտորոշմանը (precision medicine) և բիոբանկերի կենսական նշանակությանը։

«Կատարելով ճշգրիտ ախտորոշման խոստումը․ բիոբանկերի էական դերը» (“Fulfilling the Promise of Precision Medicine: The Essential Role of Biobanks”) խորագրի ներքո միջազգային փորձագետներն ու մասնագետները անդրադարձան ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին։

Զիսիս Կոզլակիդիսը  բացատրեց, թե ինչ է ճշգրիտ ախտորոշումը  և ինչպես է այն օգուտ տալիս բնակչությանն ու առողջապահական համակարգերին: «Բիոբանկերի միջոցով հավաքագրված տվյալների օգնությամբ այն արժեքավոր տեղեկություններ է տալիս և աջակցում է առողջապահական համակարգերին՝ հասնել անհրաժեշտ լուծումների», – շեշտեց մասնագետը՝ որպես հաջողված օրինակ և հիմնաքար վկայակոչելով Հայաստանում ԵՄ աջակցությամբ քաղցկեղի ոլորտում իրականացվող ARICE ծրագիրը, որի արդյունքում մեր երկրում կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ։

Կարինե Սարգսյանի հաղորդմամբ՝ Հայաստանում քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը բարձր է, և կարևոր է հաշվի առնել տվյալ երկրի առանձնահատկությունները:

«Հետևաբար պետք են տեղական ստանդարտիզացված ենթակառուցվածքներ, որոնց շնորհիվ հնարավոր կդառնան թե՛ անհատականացված, թե՛ ճշգրիտ ախտորոշումը և բուժումը», – ընդգծեց ESBB նախագահը։

Ե՛վ Զիսիս Կոզլակիդիսը, և՛ Կարինե Սարգսյանն այս համատեքստում միակարծիք էին, որ ARICE ծրագիրը («Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար») հաջողված մոդել է, որից կարելի է շատ բան սովորել։  

Նշենք, որ Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի՝ ճշգրիտ ախտորոշմանը և բիոբանկերի կենսական նշանակությանը վերաբերող պանելային քննարկման բանախոսների շարքում էին նաև Կատարի բիոբանկի տնօրեն Նահլա Մահեր Աֆիֆին, Ուելսի քաղցկեղի բիոբանկի գործառնությունների տնօրեն Էլիսոն Պերրի-Ջոնսը։