Բրյուսելից մինչև Լիլ. մասնագիտական ուղին և միջազգային փորձի ներդրումը բժշկական մայր բուհում 

Բրյուսելից մինչև Լիլ. մասնագիտական ուղին և միջազգային փորձի ներդրումը բժշկական մայր բուհում 

Բժշկական գիտությունների թեկնածու Մարիաննա Ադամյանը ԵՊԲՀ մանկաբարձության, գինեկոլոգիայի և ֆետալ բժշկության մեջ ուլտրաձայնային ախտորոշման կուրսի ասիստենտ է, մանկաբարձ–գինեկոլոգ:

Ուլտրաձայնային և ֆետալ բժշկության մասնագետը կարճ ժամանակ առաջ պաշտոնապես ավարտեց Ֆրանսիայում Պտղի բժշկության միջհամալսարանական դիպլոմի (DIU) ծրագիրը՝ հաջողությամբ հանձնելով վերջին՝ ամենաբարդ քննությունն ու գործնական հմտությունների գնահատումը: 

Հագեցած և պատասխանատու կրթական ուղին նրա համար դարձավ կարևոր մասնագիտական փուլ, որն էլ ավելի խորացրեց գիտելիքն ու հմտությունները առաջնային պրենատալ սքրինինգի, պտղի ուլտրաձայնային հետազոտության և պտղի բարդ ախտաբանությունների կառավարման ոլորտում։

«Ինձ համար բժշկությունն ու կրթությունն անդադար կատարելագործման, համաշխարհային առաջատար փորձի յուրացման և այն հայրենիքում տեղայնացնելու մեծ առաքելություն են: Այսօր իմ գլխավոր նպատակն է մեր  բժիշկներին փոխանցել միջազգային չափանիշներին համապատասխանող գիտելիք: Իմ առաջին երախտավոր ու ոգեշնչող քայլերը մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման (ՈՒՁՀ) բնագավառում սկսվել են Բրյուսելում: Դեռևս կլինիկական օրդինատուրայի տարիներին, համալսարանի աջակցությամբ, պատիվ ունեցա մասնակցելու առաջին վերապատրաստման Եվրոպական կլինիկական ֆելլոուշիփ (Clinical Training Fellowship) ծրագրին և սովորելու Բրյուսելի ազատ համալսարանում (ULB)՝ ERASMUS University Hospital: Հենց այնտեղ արվեցին իմ առաջին մեծ բացահայտումները մանկաբարձություն և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման խորհրդավոր ու հետաքրքիր աշխարհում»,- ասում է դասախոսը:

Բժշկական բուհն ավարտելուց հետո նա հիմնական հետդիպլոմային մասնագիտական ուսուցումը շարունակեց Ֆրանսիայում՝ Փարիզի, ապա Լիլի համալսարանում, որտեղ հաջողությամբ համատեղում էր կլինիկական աշխատանքը և բարձրակարգ միջհամալսարանական կրթությունը (DIU, Ֆրանսիայում Միջհամալսարանական դիպլոմը (DIU) շարունակական կրթություն է նեղ մասնագիտացումով):

«Արդեն այդ տարիներին, տեսնելով ոլորտի արագընթաց զարգացումը, հասկացա, թե որքան խորը գիտելիք է անհրաժեշտ և ինչքան շատ բան կա սովորելու այս դինամիկ բնագավառում: Իմ մեծագույն երազանքն էր, որ մեզ մոտ՝ Հայաստանում ևս ստեղծվեր նման բարձր մակարդակի ուսուցում և հնարավորություն մանկաբարձ–գինեկոլոգների համար: Բարեբախտաբար, պրոֆեսոր Կարինե Թոխունցի մեծ ջանքերով այդ կրթական հարթակն արդեն հասանելի է մայր բուհում: Աշխատելով որպես նրա ղեկավարած կուրսի ասիստենտ և դասավանդելով գործնական հմտությունները՝ ես որոշեցի էլ ավելի խորացնել իմ մասնագիտական պաշարը և դիմել Լիլի համալսարանի Պտղի բժշկության (Fetal Medicine) միջհամալսարանական դիպլոմային ծրագրին, որն իրենից ներկայացնում է բարձրագույն՝ էքսպերտային մակարդակի ուսուցում արդեն իսկ մասնագիտացված բժիշկների համար: Որպես բուհի նախկին հաջողակ ուսանող՝ ես հեշտությամբ անցա խիստ ընտրական փուլը»,- մանրամասնում է Մարիաննա Ադամյանը, ում գնահատմամբ` մեկ ակադեմիական տարի տևած այս կրթական գործընթացը չափազանց ինտենսիվ էր, պատասխանատու և մասնագիտական մեծ մարտահրավերներով լի:

Ծրագրի առանցքում էր ժամանակակից պրենատալ ախտորոշումը, որը վերջին տասնամյակում աշխարհում զարգանում է աննախադեպ տեմպերով՝ դառնալով բժշկության ամենաարագընթաց ու դինամիկ բնագավառներից մեկը։

Ուսումնառության ընթացքում հատուկ շեշտադրում էր արված գենետիկ, մոլեկուլային և ցիտոգենետիկ ախտորոշման մեթոդների խորացված ուսումնասիրությանը և, որ ամենակարևորն է, դրանց կլինիկական համադրմանը  պրենատալ ուլտրաձայնային հետազոտության  հետ:

Մասնագետի փոխանցմամբ` այսօր պտղի ախտաբանությունների ճշգրիտ հայտնաբերումն անհնար է պատկերացնել առանց այս երկու ուղղությունների սերտ միախառնման. ՈՒՁՀ-ով տեսանելի ֆենոտիպային փոփոխությունների և որոշ ուլտրաձայնային մարկերների գնահատումը, զուգակցվելով գենետիկական գերժամանակակից քննությունների հետ, թույլ է տալիս հասնել ախտորոշման բացարձակապես նոր՝ էքսպերտային մակարդակի:

Ներառված էին խորացված տեսական և գործնական մոդուլներ՝ ուղղված մոլեկուլային գենետիկայի ախտորոշման ժամանակակից մեթոդների խորը ուսումնասիրությանը, ինվազիվ և ոչ ինվազիվ պրենատալ թեստերի կիրառմանը, պրենատալ ուլտրաձայնային անոմալիաների և պտղի համախտանիշների ճշգրիտ  ախտորոշմանը։

Հատուկ ուշադրություն էր դարձվում ախտորոշման բազմաֆունկցիոնալ մոտեցումներին, մասնավորապես՝ պտղի ՄՌՏ հետազոտության կլինիկական կիրառմանը, ներարգանդային (ֆետալ) վիրաբուժական միջամտությունների կատարման ժամանակակից հնարավորությունների ուսումնասիրությանը, ինչպես նաև ախտաբանական ու բարդացած հղիությունների վարման նորագույն միջազգային ուղեցույցների յուրացմանը, նեղ մասնագետների մուլտիդիսցիպլինար մոտեցմանը։

Այս ուղու շատ արժեքավոր և առանցքային մասը դարձավ պարտադիր կլինիկական պրակտիկան Ֆրանսիայի ռեգիոնալ համալսարանական ծննդատանը (CHU), որը հանդիսանում է  ռեֆերենս կենտրոն՝ համալրված փորձագետ մասնագետներով: Այս կենտրոնը մասնագիտացված է բացառապես ախտաբանական հղիությունների վարման մեջ և համարվում է ուլտրաձայնային ախտորոշման ռեֆերենս կենտրոն, որտեղ ուղղորդվում և հսկվում են այն հղիները, ում մոտ առաջնային սքրինինգ հետազոտությունների ժամանակ արդեն իսկ ախտորոշվել կամ կասկածվել է պտղի այս կամ այն պաթոլոգիան:

«Այսպիսի էքսպերտային միջավայրում վերապատրաստվելը ինձ հնարավորություն տվեց անձամբ մասնակցելու  կլինիկական դեպքերի քննարկմանը և մուլտիդիսցիպլինար որոշումների կայացմանը, որտեղ յուրաքանչյուր դեպքի շուրջ համատեղ որոշում էին կայացնում ֆետալ բժշկության փորձագետները, գենետիկները, նեոնատոլոգները, մանկաբույժները և մանկական վիրաբույժները: Սա անգնահատելի փորձ էր՝ տեսնելու, թե ինչպես է գործնականում աշխատում պտղի ախտաբանությունների ախտորոշման և կառավարման եվրոպական մոդելը: Այս դժվարին, բայց չափազանց հետաքրքիր ճանապարհն ունեցավ իր հաղթական ավարտը. ես ավարտեցի հեղինակավոր ծրագիրը»,- հավելում է վերարտադրողական առողջության բնագավառի ներկայացուցիչը` համոզմունք հայտնելով, որ ձեռք բերած այս բացառիկ փորձն ու գիտելիքը նոր հորիզոններ ու հնարավորություններ են ստեղծելու մայր բուհում բժիշկներին առավել որակյալ կրթություն փոխանցելու, հղիության բարդությունների վաղ հայտնաբերման և հայրենի բժշկության զարգացման մեջ իր ներդրումը շարունակելու համար։