Շվեդիայի Յոնշոփինգ քաղաքի տարածաշրջանային տնօրեն Ագնետա Ջանսմիրի գլխավորած պատվիրակության հետ այսօր ԵՊԲՀ-ում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման առանցքում էր միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը հանրային առողջության, առողջապահության և կրթության, բժշկական օգնության կազմակերպման ոլորտներում:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կարևորեց ուսանողների և դասախոսական կազմի համար փորձի փոխանակման և վերապատրաստման շարունակական ծրագրերի իրականացումը:
Նա հյուրերին ներկայացրեց բուհի գործունեության հիմնական ուղղությունները և միջազգայնացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
Բժշկական համալսարանի և Շվեդիայի Յոնշոփինգ քաղաքի մարզային խորհրդի միջև համագործակցությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի: 2014թ. դեկտեմբերին կնքված փոխըմբռնման հուշագրի նպատակն էր՝ ամրապնդել համագործակցությունը երկու տարածաշրջանների բուժանձնակազմի միջև: Հուշագրի կնքմամբ ամրապնդվում է հայ-շվեդական համագործակցությունը, որի հիմքը դրվել է դեռևս 1988թ., երբ շվեդ բարեգործներ՝ ամուսիններ Ուլֆ և Մարգարետա Սթրոմբերգների ղեկավարությամբ օգնության ծրագիր իրականացվեց Երևանի թիվ 4 մանկական հիվանդանոցում, այժմ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում:
Այս տարիների ընթացքում «Մուրացան» հիվանդանոցին բազմիցս ցուցաբերվել է մարդասիրական օգնություն՝ բժշկական սարքավորումներ, մահճակալներ, վիրահատական սեղաններ, կահույք, դեղեր և այլն: Հիմնադրվել է Խաղաթերապիայի սենյակ, որի նպատակն է ստեղծել ջերմ և անկաշկանդ մթնոլորտ` երեխաների բուժման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Ուլֆ և Մարգարետա Սթրոմբերգները բազմիցս այցելել են համալսարանական հիվանդանոց՝ ծրագրի աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Համագործակցության շրջանակներում Շվեդիայից Հայաստան են ժամանել ավելի քան 30 տարբեր մասնագետներ: Փորձի փոխանակման նպատակով Հայաստանից Շվեդիա է մեկնել 23 բժիշկ:
Մինչ օրս շվեդ մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել են տասնյակ քաղաքային և հանրապետական նշանակության համաժողովներ:
Նշենք նաև, որ այս տարվա փետրվարին ԵՊԲՀ աշխատակիցները մասնակցել են Յոնշոփինգում անցկացված «Միկրոհամակարգերի փառատոն»-ին: