Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանականների` հագեցած ծրագրերով այցը Վիլնյուս

Համալսարանականների` հագեցած ծրագրերով այցը Վիլնյուս

ԵՊԲՀ պատվիրակությունը «Էրազմուս+» ծրագրի SAFEMED+ նախագծի շրջանակում  մայիսի 29-ից հունիսի 1-ը հյուրընկալվել է Լիտվայի Վիլնյուսի համալսարանում:

Համալսարանական թիմը` Միջազգային համագործակցության բաժնի պետ, SAFEMED+ նախագծի համակարգող Աննա Ղազարյանը, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս Անի Ռափյանը և  Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դասախոս Արամ Միրիջանյանը հրավիրված էին Վիլնյուսի համալսարանի բժշկական ֆակուլտետի կողմից՝ որպես ծրագրի գործընկեր բուհի ներկայացուցիչներ:

Նախագծի հանդիպման ժամանակ քննարկվել են OSCE (Objective Structural Clinical Exams – Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության) ձևաչափով համակարգչային  անցկացման հնարավորությունները, մեթոդները՝ Moodle էլեկտրոնային ուսուցման հարթակով, ինչպես նաև SAFEMED+ նախագծի  OSCE սցենարների ձեռնարկի վերջնական խմբագրման աշխատանքները:

Հայ մասնագետներին օտարերկրացի գործընկերները ներկայացրել են հարթակը կիրառելու մանրամասները, ծանոթացրել հեռավար քննությունների համար սցենարներ պատրաստելու առանձնահատկություններին:

«Մեր բուհի կողմից ներկայացված էր երկու կլինիկական դեպք-սցենար, որոնք նույնպես հաստատվեցին, և մինչև հոկտեմբեր լույս կտեսնի OSCE սցենարներով մշակված ձեռնարկ, որի ստեղծմանը մասնակցել է  նաև համալսարանը», – մանրամասնում է Անի Ռափյանը, ով նաև SAFEMED+ ծրագրի՝ ԵՊԲՀ-ի կողմից ծրագրային բարելավման հանձնաժողովի  ներկայացուցիչն է:

Անդրադարձ է կատարվել նաև հենց այս շրջանում ընթացող և մայիսի 29-ին ԵՊԲՀ-ում առաջին անգամ մեկնարկած պետական ավարտական քննության գործնական հմտությունների ատեստավորմանը` SAFEMED+ նախագծի շրջանակում ծրագրային փոփոխություններին, այլ ընթացիկ հարցերի:

Այցի շրջանակում կարևորվել են նաև  OSCE քննությունների՝ հաղորդակցման հմտությունների բարելավմանը վերաբերող փոփոխությունները: