Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական Ֆիլիպ Ջենթին (Philippe Jeanty) ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ այսուհետև կհամալրի բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը:
Պրոֆեսորը Հայաստանում է` մայիսի 20-ին և 21-ին կայանալիք պտղի էխոկարդիոգրաֆիային նվիրված հեղինակային դասընթացի մասնակցելու նպատակով:
ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով և աջակցությամբ Հայաստան այցելած պրոֆեսորը պրենատալ ախտորոշման ասպարեզում ակնառու գիտնականներից է: Նրա կողմից մշակված ֆետոմետրիկ սանդղակները տեղադրված են ամբողջ աշխարհում օգտագործվող յուրաքանչյուր ուլտրաձայնային սարքում:
Ֆիլիպ Ջենթին պտղի էխոկարդիոգրաֆիայի հիմնադիրն է, նաև մանկաբարձությունում ուլտրաձայնային հետազոտությանը նվիրված 34 դասագրքի և ավելի քան 154 հրապարակման հեղինակ:
Բժիշկ-գիտնականը նաև պրենատալ ախտորոշման խոշորագույն ուսուցողական կայքի՝ Fetus.net–ի հեղինակն է, որում տեղադրված են 20000-ից ավելի պատկեր, 600-ից ավելի տեսահոլովակ, 2700 հոդված՝ 3000-ից ավելի ամենօրյա հաճախումներով աշխարհի 61 երկրից: 216-ից ավելի հեղինակային դասընթաց, 1000-ից ավելի դասախոսություն, 39 ասպիրանտ պրենատալ ախտորոշման ասպարեզում. սա պրոֆեսորի գիտամանկավարժական գործունեության ոչ ամբողջական ցանկն է:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում պրոֆեսորը ներկայացրեց բժշկագիտության ոլորտի զարգացման վերաբերյալ իր տեսլականը:
Նրա գնահատմամբ՝ ժամանակակից աշխարհում պետք է արժևորել և արդյունավետ օգտագործել համացանցի անսահմանափակ հնարավորություններն ու օգտվել բժշկագիտական առցանց գրականությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԵՊԲՀ-ի միջազգայնացմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին, բժշկական կրթությանը վերաբերող այլ հարցերի: