Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թոնգխոմանգ Արմսթրոնգ Չանգսանին:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը շնորհավորեց նրան մեր երկրում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ:
Պրոռեկտորը ներկայացրեց բժշկական կադրերի ավելի քան 100-ամյա դարբնոցի ստեղծման, կայացման և շարունակական կատարելագործման պատմությունը:
«1958 թվականին մեզ մոտ ժամանեցին առաջին օտարերկրացիները: Այժմ աշխարհի 33 երկրի մոտ 2000 քաղաքացի բժշկական կրթություն է ստանում մեր համալսարանում», – ընդգծեց Երվանդ Սահակյանը:
Հանդիպման ընթացքում նա անդրադարձավ նաև համալսարանական երեք հիվանդանոցների գործունեությանը:
Պրոռեկտորը տեղեկացրեց դեսպանին, որ 2024 թվականի փետրվարին բժշկական բուհի «Բուժական գործ» եռալեզու կրթական ծրագրերը Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME – World Federation for Medical Education) կողմից արժանացան միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային հավատարմագրման` առավելագույն` 7 տարի ժամկետով:
Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև մյուս ֆակուլտետների կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման ուղղությամբ:
Երվանդ Սահակյանը նշեց նաև, որ հաջորդ տարվա հուլիսի 8-10-ը Երևանը կհյուրընկալի Համահայկական բժշկական համաշխարհային կոնգրեսը` AMWC-2027-ը, որի պաշտոնական կազմակերպիչն է բժշկական համալսարանը:
Պրոռեկտորի խոսքով` կոնգրեսին կմասնակցեն մի շարք Նոբելյան մրցանակակիրներ, ինչպես նաև անվանի և ճանաչված հնդիկ բժիշկներ:
Դեսպան Չանգսանն իր երախտագիտությունը հայտնեց ջերմ ընդունելության համար. «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել մի համալսարանում, որտեղ բժշկական կրթություն են ստանում ոչ միայն հայ, այլև արտասահմանցի ուսանողները: Ուրախ եմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունն այս ոլորտում հարուստ պատմություն ունի»:
Հաջորդիվ Հնդկաստանի դեսպանը Մահաթմա Գանդիի անվան լսարանում մասնակցեց Այուրվեդայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Մասնակիցներին ԵՊԲՀ ռեկտորի և բժշկական համալսարանի անունից ողջունեցին Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ռահուլ Անիլ Սետհին և Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանը:
«Առողջության ամբողջական ընկալումը Այուրվեդայում․ մարդու շրջակա միջավայրին, ֆիզիկական ակտիվությունը և առողջության պահպանման բնական մոտեցումները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, յոգայի պրոֆեսիոնալ մարզիչ Սվետլանա Ավագյանը:
Թեմատիկ ելույթներով հանդես եկան նաև հնդիկ ապագա բժիշկները:
Հիշեցնենք, որ բժշկական համալսարանում ուսանում է Հնդկաստանից ժամանած ավելի քան 300 ուսանող և կլինիկական օրդինատոր: