Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը` ի դեմս ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Նաիրա Խաչիկյանի, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանի, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի տեղակալ, Նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Բենիամին Բադալյանի և Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի տեղակալ Սուրեն Առաքելյանի, մասնակցել է Ֆրանսիայի Նիս քաղաքում կազմակերպված Erasmus+ Digital Week միջազգային ծրագրին, որը միավորել էր տարբեր երկրների բուհերի ներկայացուցիչների, կրթության ոլորտի փորձագետների և թվային փոխակերպման առաջնորդների՝ քննարկելու բարձրագույն կրթության ապագան թվային դարաշրջանում։
Ծրագրի առանցքային թեման կրթության ոլորտում թվային տրանսֆորմացիան էր՝ որպես ոչ միայն տեխնոլոգիական, այլև մշակութային և կազմակերպչական փոփոխությունների գործընթաց։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու համաշխարհային առաջատար համալսարանների փորձին, քննարկելու կրթական տեխնոլոգիաների ներդրման ռազմավարությունները, ինչպես նաև գնահատելու թվայնացման ազդեցությունը դասավանդման, ուսումնառության և կրթության կառավարման վրա։
«Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվեց արհեստական բանականության, վիրտուալ և ընդլայնված իրականության, թվային ուսուցման հարթակների, հիբրիդային կրթության և տվյալահեն որոշումների կայացման հնարավորություններին։ Միևնույն ժամանակ, շեշտադրվեց, որ կրթության թվայնացումը չի սահմանափակվում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ. այն պահանջում է նաև դասախոսների շարունակական մասնագիտական զարգացում, նոր մանկավարժական մոտեցումների ձևավորում և ուսանողակենտրոն ուսուցման մշակույթի ամրապնդում»,-նշում է Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը:
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էին նաև թվային կրթության էթիկական և իրավական հիմնահարցերը։ Քննարկվել են արհեստական բանականության պատասխանատու կիրառումը, ակադեմիական ազնվության պահպանման մեխանիզմները, անձնական տվյալների պաշտպանությունը, թվային ներառականությունը և կրթական գործընթացներում մարդու դերի պահպանման կարևորությունը։ «Փորձագետները համակարծիք էին, որ տեխնոլոգիան պետք է ծառայի կրթության որակի բարձրացմանը՝ չփոխարինելով դասախոսին, այլ ընդլայնելով նրա հնարավորությունները։
Digital Week-ը նաև միջազգային համագործակցության արդյունավետ հարթակ էր։ Ծրագրի ընթացքում ձևավորվեցին նոր մասնագիտական կապեր, քննարկվեցին համատեղ հետազոտական նախաձեռնություններ, Erasmus+ ծրագրերի շրջանակում ապագա համագործակցության հնարավորություններ, ինչպես նաև փորձի փոխանակման և դասախոսների ու ուսանողների ակադեմիական շարժունության ընդլայնման հեռանկարներ: Մեր համալսարանի համար այս մասնակցությունը կարևոր քայլ է կրթության միջազգայնացման և թվային վերափոխման ճանապարհին։ Ստացված գիտելիքներն ու փորձը կնպաստեն ժամանակակից կրթական տեխնոլոգիաների, ակտիվ ուսուցման մեթոդների և նորարարական գնահատման գործիքների ներդրմանը ուսումնական գործընթացում՝ բարձրացնելով կրթության որակն ու համապատասխանեցնելով այն միջազգային լավագույն փորձին»,-ընդգծում է Հովհաննիսյանը։
Մասնակիցները նշում են՝ Erasmus+ Digital Week-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բարձրագույն կրթության ապագան կառուցվում է միջազգային համագործակցության, նորարարության և շարունակական զարգացման հիման վրա։ Այս փորձը նոր հնարավորություններ է բացում բժշկական համալսարանի համար՝ դառնալու համաշխարհային կրթական գործընթացների ակտիվ մասնակից և շարունակելու զարգացնել մրցունակ, տեխնոլոգիապես առաջադեմ և ուսանողակենտրոն կրթական միջավայր։