Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Տեսական գիտելիքները և գործնական հմտությունները կլինիկական օրդինատորները կատարելագործել են Պիրոգովի անվան բժշկական համալսարանում

Տեսական գիտելիքները և գործնական հմտությունները  կլինիկական օրդինատորները կատարելագործել են Պիրոգովի անվան բժշկական համալսարանում

Երևանի պետական բժշկական համալսարանի և Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի (ՌԱՀԲՀ) միջև կլինիկական օրդինատորների փոխանակման ծրագրի շրջանակներում այս տարի մեր բուհի երկու կլինիկական օրդինատոր՝ Հայկ Հովհաննիսյանը (Ընդհանուր ստոմատոլոգիական գործունեության կուրս, վարիչ՝ Սոնա Համբարձումյան) և Հովհաննես Աբրահամյանը (Թերապևտիկ ստոմատոլոգիայի և պարօդոնտոլոգիայի ամբիոն, վարիչ՝ Վարդան Բակալյան) 3 ամսի ժամկետով պրակտիկա անցան մեր գործընկեր բուհում:

Պրակտիկայի ընթացքում մեր կլինօրդինատորներն այցելել են ոչ միայն Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան, այլև սարքավորումներով գերհագեցած ստոմատոլոգիական կլինիկա, Վ.Ֆ.Վոյնո-Յասենեցկու անվան երեխաների մասնագիտացված բժշկական օգնության գիտագործնական կենտրոն, որտեղ ծանոթացել են կլինիկայի աշխատանքի, ինչպես նաև անձնակազմի հետ, մասնակցել բազմաթիվ վիրաբուժական միջամտությունների:

Ն.Ի. Պիրոգովի անվան ՌԱՀԲՀ բուժական բաժնի ղեկավար, մեր հայրենակից Տիգրան Մուրադյանի առաջարկով մեր օրդինատորները միացել են նրա ղեկավարած դոնորական շարժմանը՝ ակտիվ մասնակցության համար պարգևատրվելով պատվոգրով, եղել պատերազմի վետերանների դիմածնոտային հոսպիտալում, մասնակցել վիրահատությունների, ինչպես նաև ներկա եղել Շվեյցարական ստոմատոլոգիական ակադեմիայի (Swiss Dental Academy) կողմից նախաձեռնված տեսական և գործնական դասընթացներին:

Ծրագրի մասնակիցները եղել են նաև Մոսկվայի ամենամեծ, սարքավորումներով գերհագեցած Module Dental Lab ստոմատոլոգիական լաբորատորիայում:

Ապրիլի 7-ին Հայկ Հովհաննիսյանը և Հովհաննես Աբրահամյանը մասնակցել են Мастен-Мед 2017 ստոմատոլոգիական օլիմպիադային՝ առաջին անգամ ներկայացնելով մեր բուհը և ճանաչվելով առաջին փուլի հաղթող:

ՌԱՀԲՀ Թերապևտիկ ամբիոնի նախաձեռնությամբ մեր օրդինատորներն այցելել են նաև Պերեսլավլ Զալեսսկի քաղաքի մանկատներից մեկը, իրականացրել ստոմատոլոգիական միջամտություններ, ստացել պատվոգրեր, եղել են Ստոմատոլոգիայի և դիմածնոթային վիրաբուժության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, Ն.Ի. Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական թիվ 1 հիվանդանոցում:

Ինչպես նշում են ծրագրի մասնակիցները՝ նշված բոլոր վայրերում նրանք հնարավորություն են ունեցել ավելացնելու իրենց տեսական գիտելիքները և կատարելագործելու գործնական հմտությունները: