Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջդիսցիպլինարային գիտաժողով՝ «Սեռական խանգարումների էնդոկրինոլոգիական և անդրոլոգիական ասպեկտները» թեմայով

Միջդիսցիպլինարային գիտաժողով՝ «Սեռական խանգարումների էնդոկրինոլոգիական և անդրոլոգիական ասպեկտները» թեմայով

Անցկացվեց «Սեռական խանգարումների էնդոկրինոլոգիական և անդրոլոգիական ասպեկտները» միջդիսցիպլինարային գիտաժողովը, որը կազմակերպել էին Երևանի պետական բժշկական համալսարանը և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան՝ սեռական առողջության հետ կապված արդիական խնդիրների համակողմանի քննարկման նպատակով։

Միջոցառումը համախմբել էր հարակից ոլորտների առաջատար մասնագետներին՝ սեքսոպաթոլոգներին, էնդոկրինոլոգներին, ուրոլոգներին և անդրոլոգներին, ստեղծել եզակի բազմամասնագիտական հարթակ բժշկության և գիտության ոլորտում փորձի, առաջադեմ գիտական նվաճումների և լավագույն փորձի փոխանակման համար:

Գիտաժողովի շրջանակում ներկայացվեցին և քննարկվեցին սեռական առողջության տարբեր ասպեկտների ժամանակակից ախտորոշիչ և թերապևտիկ մոտեցումները։ Մասնակիցները կարողացան ծանոթանալ էնդոկրինոլոգիայում և անդրոլոգիայում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին, ինչպես նաև քննարկել էնդոկրին և միզասեռական համակարգերի աշխատանքի վրա ազդող պաթոլոգիաների հետ կապված հարցեր:

«Գիտաժողովը տարբերվում է նրանով, որ այս դեպքում սեռական առողջության խնդիրների և խանգարումների մասին սեքսոպաթոլոգների հետ խոսելու են հարակից ոլորտի բժիշկները։ Սա եզակի դեպք է, որը շատ օգտակար է հատկապես պրակտիկ բժիշկների համար», – ասաց Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Հակոբյանը։
Միջոցառումը նաև հարթակ դարձավ գիտական հետազոտությունների ակտիվ փոխանակման, կլինիկական դեպքերի ներկայացման և ժամանակակից մարտահրավերների համատեքստում սեքսոլոգիայի և բժշկության հարակից ոլորտների զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկումների համար:

«Մեր հիմնական նպատակն էր ստեղծել եզակի հարթակ սեռական առողջության, էնդոկրինոլոգիայի և անդրոլոգիայի բնագավառում մասնագետների գիտելիքների և փորձի ինտեգրման համար։ Մենք ձգտում ենք համախմբել առաջատար մասնագետներին՝ քննարկելու ընթացիկ խնդիրները և որոնելու առաջադեմ լուծումներ, որոնք կարող են բարելավել բժշկական պրակտիկան և բուժառուների կյանքի որակը»,- նշեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:

Կազմակերպիչների ու մասնակիցների գնահատմամբ` մասնագիտական երկխոսության հարստացմանն ուղղված համագործակցությունը արդյունավետ էր և կշարունակվի` ի նպաստ գիտությունը զարգացնելու և սեռական առողջության ոլորտում բժշկական օգնության որակը բարելավելու համար: