«Միջմշակութային երկխոսություն»․ ապագա դեղագետը՝  միջազգային ճամբարի մասնակից

«Միջմշակութային երկխոսություն»․ ապագա դեղագետը՝  միջազգային ճամբարի մասնակից

Բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարի Մարտիրոսյանն օգոստոսի 24-ից սեպտեմբերի 6-ը Մոսկվայում կայացած միջազգային ճամբարի մասնակիցն էր։

Լեզվական ճամբարի ծրագրին մասնակցելու համար Պուշկինի անվան ինստիտուտ էր ժամանել 20 օտարերկրացի ուսանող աշխարհի 10 երկրից: Ուսանողների ընտրությունը կատարվել էր առցանց, ինչի շնորհիվ ԱՊՀ տարածաշրջանի և Աֆրիկայի երկրներից բոլոր հետաքրքրվածները կարողացան մասնակցել: Հիմնական պայմաններն էին բարձր ակադեմիական առաջադիմությունը, ինչպես նաև ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ անկեղծ հետաքրքրությունը:

«Իմ ռուսաց լեզվի ուսուցչուհին՝ Օտար լեզուների ամբիոնի դոցենտ Սվետլանա Նալբանդյանը, դեռևս 1-ին կուրսում, մեծ դեր խաղաց ռուսաց լեզվի հանդեպ իմ սիրո և այս մրցույթին մասնակցելու որոշման մեջ։ Նրա խորհուրդների և բարոյական աջակցության շնորհիվ ես հավատացի ինքս ինձ, պատրաստեցի բոլոր անհրաժեշտ նյութերը և դիմեցի մասնակցության համար։ Սա իսկապես եզակի փորձառություն էր, որը միավորում էր կրթությունը, մշակութային փոխանակումը և անմոռանալի տպավորությունները», – պատմում է Մարի Մարտիրոսյանը:

Ճամբարի ծրագիրը ներառում էր տարբեր սեմինարներ և վարպետության դասեր։ «Մենք ոչ միայն խորացրինք մեր գիտելիքը, այլև ծանոթացանք ռուսական դասական գրականության ստեղծագործություններին։ Դասընթացներն ակտիվ էին, ինտերակտիվ՝ պրոֆեսոինալ մասնագետների մասնակցությամբ։ Կիսվեցինք մեր ավանդույթներով, քննարկեցինք արդի թեմաներ, սովորեցինք հասկանալ և հարգել միմյանց՝ անկախ ազգությունից և կրոնից։ Մենք այցելեցինք խորհրդանշական տեսարժան, պատմական նշանակություն ունեցող վայրեր, թանգարաններ, ինչը թույլ տվեց մեզ ավելի խորը զգալ քաղաքի ոգին և նրա հարուստ մշակութային ժառանգությունը։ Արդյունքների հիման վրա պատրաստեցինք ստեղծագործական աշխատանքներ ռուսաց լեզվի, Ռուսաստանի և, իհարկե, մեր երկրների մասին», – ընդգծում է ապագա դեղագետը։

Ճամբարը Մարի Մարտիրոսյանի համար ոչ միայն կրթական միջոցառում էր, այլև կարևոր փուլ անձնական և մասնագիտական ​​զարգացման գործում։

«Ձեռք բերեցի նոր գիտելիք, արժեքավոր հաղորդակցման և համագործակցության հմտություններ, ընդլայնեցի իմ մտահորիզոնը», – հավելում է նա։

«Նման նախաձեռնությունները հսկայական դեր են խաղում բաց, հանդուրժող և կրթված հասարակության ձևավորման գործում, խթանում են մշակույթների փոխներթափանցումը և ստեղծում են բարենպաստ հարթակներ համատեղ գիտական ​​հետազոտությունների և նոր, հետաքրքիր նախագծերի իրականացման համար», – նշում է ԵՊԲՀ օտար լեզուների ամբիոնի դոցենտ Սվետլանա Նալբանդյանը։

Նշենք, որ ռուսաց լեզվին, գրականությանը և մշակույթին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտի և «Русский мир» հիմնադրամի կողմից: