Բժշկական բուհի արդիականացվող և վերանորոգվող գրադարանի նախնական դիզայնն էր «Կերոն» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների և Defesche van den Putte (DVDP) ընկերությունը ներկայացնող նիդերլանդցի երկու գլխավոր ճարտարապետներից Փիթեր Դեֆեշի հետ հերթական հանդիպման հիմնական քննարկման նյութը:
Ճարտարապետը ներկայացրեց ակնկալվող այս խոշոր պրոյեկտի արտաքին տեսքը` գրաֆիկական պատկերների միջոցով:
Գրադարանային բոլորովին նոր ու գերժամանակակից այս նախագծի հիմնական դիզայներական հավակնությունները, հատված առ հատված ակնկալվող արդյունքը վիզուալ տեսքով ցուցադրվեց հանդիպման ներկաներին:
«Յուրաքանչյուր սովորողի համար ուսանողական տարիները ձևավորման շրջափուլ են` ոչ միայն մասնագիտական և գիտական, այլև սոցիալական տեսակետից: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գրադարանը նպատակ ունի դառնալ վայր, որն ուսանողները կհիշեն հետագա տարիներին` այն ժամանակից սկսած, երբ այն կսպասարկի նրանց թե’ որպես ինտելեկտուալ հավաքատեղի, թե’ որպես գիտելիքի և ուսումնառության կենտրոն», – հանգամանալից ներկայացնելով կոնցեպտը` նշեց արտասահմանից ժամանած մասնագետը` ընդգծելով, որ իրենց մեծագույն ցանկությունն է ստեղծել մշտապես շնչող շինություն:
Մանրամասն անդրադարձ կատարվեց յուրաքանչյուր դետալի, մուտքից մինչև տերասա, լոբբի, ընթերցասրահ, համակարգչային սրահ, սրճարան, կրթության ժամանանակից պահանջներին համապատասխանող այլ հատվածներ:
Գաղափարականից` տեխնիկական բոլոր հարցերի շուրջ կարծիքների ու տեսակետների ակտիվ փոխանակում կատարվեց ինչպես ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, այնպես էլ մյուս մասնակիցների միջև` նպատակ ունենալով առավել կիրառական դարձնել գրադարանային համալիրը:
Հիշեցնենք, որ նոր գրադարանի ստեղծման աշխատանքների համար ռեկտորի հանձնարարությամբ ներհամալսարանական հանձնախումբ է ձևավորվել, որը պարբերաբար առցանց քննարկումներ է ունենում «Կերոն» հիմնադրամի, հայ և օտարերկրացի կոլեգաների հետ` համատեղ ջանքերով հսկայածավալ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: