Հուլիսի 5-ից 7-ը Տուլայում կայացած միջազգային մասնակցությամբ Համառուսական Միջբուհական GxP գագաթնաժողովին մասնակցեց նաև ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի պատվիրակությունը:
Միջոցառումը մրցութային էր, առաջին փուլում ֆակուլտետի մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողներ՝ Արուսյակ Սահակյանը և Լիլիթ Թադևոսյանը (որոնք, ի դեպ այս տարի ավարտում են մագիստրատուրան բուհի լավագույն ուսանողների շարքում գերազանցության դիպլոմներով) ներկայացրին ֆարմացիայի ամբիոնի և դեղագիտական ֆակուլտետի այլ մասնագիտական ամբիոնների կողմից կատարված գիտահետազոտական դիպլոմային աշխատանքները:
Ներկայացված աշխատանքներն արժանացան բարձր գնահատականների և առավելագույն 100-ից 85 միավոր հավաքեց Արուսյակ Սահակյանը և 100 միավոր՝ Լիլիթ Թադևոսյանը:
Հատկանշական է, որ Ռուսաստանի և Եվրազեսի երկրների շուրջ 25 բուհերից 63 մասնակիցներից (որոնց թվում էին ռուսաստանյան այնպիսի առաջատար բուհերի ուսանողներ, ինչպիսիք են Մոսկվայի Սեչենովի անվան 1-ին պետական բժշկական համալսարանը և Սանկտ-Պետերբուրգի պետական քիմիա-դեղագործական ակադեմիան) միայն երեքն էին ստացել 100 միավոր, այդ թվում և Լիլիթ Թադևոսյանը:
Մրցույթի մյուս 2 փուլերը կայացան Տուլա քաղաքում: Արդյունքները ավելի քան ոգևորիչ էին, մեր մասնակիցը՝ Լիլիթ Թադևոսյանն իր աշխատանքի համար արժանացավ հատուկ մրցանակի: