Շաքարային դիաբետի (ՇԴ) իրազեկման միջազգային օրը շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, առողջապահության ոլորտի մասնագետների, քաղաքական գործիչների և հասարակության համար գլոբալ հնարավորություն է համախմբվելու` հիվանդության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և դրա հետ կապված գործողությունների հրատապ անհրաժեշտությունը մատնանշելու համար: Շաքարային դիաբետ ունեցող միլիոնավոր մարդիկ ամեն օր բախվում են աշխատավայրում իրենց վիճակը կառավարելու դժվարությունների հետ, այդ թվում՝ խտրականության, կարծրատիպերի և մեկուսացման։ Սա բացասաբար է անդրադառնում նրանց բարեկեցության վրա։
Այդ իսկ պատճառով այս տարի՝ նոյեմբերի 14-ին, միջազգային առողջապահական կառույցներն ու կազմակերպությունները կոչ են անում ակտիվ մասնակցություն ունենալ արշավին և հնարավորինս աջակցել «Իմանալ ավելին և ավելին անել աշխատավայրում շաքարային դիաբետի դեմ պայքարելու համար» հասարակությանն ուղղված կոչին:
Հիմնական փաստեր շաքարային դիաբետի մասին.
Վերջին երեսուն տարիների ընթացքում ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով ապրող մարդկանց թիվը 108 միլիոնից հասել է 420 միլիոնի. 62 միլիոն շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ապրում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանում: 1980 թվականից ի վեր տարածաշրջանում այս թիվն աճել է ավելի քան երեք անգամ և կարող է նույնիսկ ավելի բարձր լինել, քանի որ մարդկանց 40%-ը տեղյակ չէ իր վիճակի մասին և չի ախտորոշվում:
Շաքարային դիաբետի հետ կապված հիվանդությունների բեռը հսկայական է և շարունակում է աճել. ընդամենը 20 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում շաքարային դիաբետից մահացությունն աճել է ավելի քան 50%-ով:
Հայաստանում, ըստ վիճակագրական կոմիտեի 2024թ.-ի տվյալների, 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետի հիվանդացությունը կազմում է 121.386` 15 և ավելի բարձր տարիքային խմբում, որը 100.000 բնակի հաշվով կազմում է 4928.4, այս ցուցանիշը 2.4 անգամ գերազանցում է 2010թ.-ի ցուցանիշին և 1.5 անգամ 2015թ.-ին գրանցված ցուցանիշին:
0-14 տարեկանների խմբում 2024թ.-ի տվյալների համաձայն ընդհանուր հիվանդացության բացարձակ արժեքը կազմել է 623, կամ 109.2` 100.000 բնակչի հաշվով: Ցուցանիշը գերազանցում է 2010, 2015 և 2020թթ.-ին գրանցված ցուցանիշներին` համապատասխանաբար 2.8, 2.9 և 1.3 անգամ:
ՇԴ-ից մահացությունը մեր երկրում 2024թ.-ին կազմել է ընդհանուր մահերի 1.4%-ը (բացարձակ արժեք` 365 կամ 12.03` 100.000 բնակչի հաշվով), որն ակնհայտ նվազում է` համեմատած 2005թ.-ի 6%-ի (բացարձակ արժեք` 1570), 2010թ.-ի 5%-ի (բացարձակ արժեք`1395) և 2015թ.-ի 4.6%-ի հետ (բացարձակ արժեք` 1276):
Արձանագրված 365 մահվան դեպքերից 243-ը կանայք են եղել, 122` տղամարդիկ, իսկ մահերի գերակշիռ մասը գրանցվել է 70 և ավելի բարձր տարիքի անձանց մոտ` կանանց 71%-ը և տղամարդկանց 49%-ը:
2024թ.-ին ՀՀ բնակչության կյանքում առաջին անգամ ախտորոշված շաքարային դիաբետի դեպքերը 15 և բարձր տարիքային խմբում կազմել են 11.152` 100.000 բնակչի հաշվով, այս ցուցանիշը 2 անգամ գերազանցում է 2005թ.-ի ցուցանիշին (5439), 1.7 անգամ 2010թ.-ի ցուցանիշին (7052) և 1.3 անգամ` 2015թ.-ի ցուցանիշին:
0-14 տարեկանների խմբում առաջին անգամ ախտորոշված շաքարային դիաբետի դեպքերի թիվը 99-ն է, որը զիջում է 2022 և 2023թթ.-ին գրանցված դեպքերին (համապատասխանաբար 133 և 106 դեպք):
Շաքարային դիաբետի կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ է նաև պահպանել առողջ սննդակարգ, հնարավորինս քիչ ածխաջրերով սնունդ, ունենալ բարձր ֆիզիկական ակտիվություն և խուսափել ծխելուց: Սրանք են կարևորագույն գործոնները: 50-55% դեպքերում այս հիվանդությունը պայմանավորված է սխալ ապրելակերպով, որի կանխարգելումը սակայն պարզ է: Դեղորայքային բուժումը վերջին տեղն է զբաղեցնում։ Առաջին տեղում է ֆիզիկական ակտիվությունը, երկրորդ տեղում` ռացիոնալ սննդակարգը:
Ակտիվ և առողջ ապրելակերպը խրախուսելով և ակտիվ ֆիզիկական կյանք վարելով, բալանսավորված սնունդ օգտագործելով, ինչպես նաև սթրեսները կառավարելով, սթրեսակայունություն և սթրեսների կանխարգելման հմտություններ ձեռք բերելով, հնարավոր է խուսափել ինչպես դիաբետից, այնպես էլ նրա բարդություններից: