Ըստ ԱՀԿ-ի վերջերս հրապարակած զեկույցի տվյալների` ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ) տարեկան 1,8 միլիոն կանխարգելելի մահվան պատճառ են դառնում և 514 միլիարդ ԱՄՆ դոլար են արժենում:
Ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ) շարունակում են մնալ մահացության և հաշմանդամության հիմնական պատճառը աշխարհում, այդ թվում՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում: Այստեղ 5 տղամարդկանցից 1-ը և 10 կանանցից 1-ը մահանում են մինչև 70 տարեկան՝ ՈՎՀ-ների պատճառով, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, քրոնիկ շնչառական հիվանդությունները և շաքարային դիաբետը:
ՈՎՀ-ից մահացության այս կանխարգելելի դեպքերից 60%-ը կապված է կանխարգելիչ պատճառների հետ, ինչպիսիք են ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը, արյան բարձր ճնշումը, անառողջ սննդակարգը, գիրությունը և Ֆիզիկական ցածր ակտիվությունը. այս բոլոր խնդիրները կարող են լուծվել հանրային առողջության ավելի արդյունավետ քաղաքականության միջոցով: Մնացած 40%-ը բուժելի պատճառներից են, որոնց դեպքում մահը կարող է կանխվել կամ հետաձգվել ժամանակին ախտորոշմամբ և որակյալ բժշկական օգնության հասանելիությամբ:
ԱՀԿ-ի նոր զեկույցը՝ «Կանխարգելելի մահացությունը, ռիսկի գործոնները և ՈՎՀ-ի դեմ պայքարի քաղաքականությունը. տվյալների օգտագործումը արդյունքների հասնելու համար» խորագրով, նախազգուշացնում է, որ ՈՎՀ-ից վաղաժամ մահացության նվազեցման առաջընթացը չեղյալ է հայտարարվել COVID-19 համաճարակի պատճառով: Արդյունքում, տարածաշրջանը հետ է մնում 2025 և 2030 թվականների ՈՎՀ-ի դեմ պայքարի գլոբալ նպատակներին հասնելուց:
«Ոչ վարակիչ հիվանդությունները ոչ միայն կանխարգելելի կամ բուժելի են. դրանք հիմնականում անտեսվում են։ Այնուամենայնիվ, ճշմարտությունն այն է, որ եթե ՈՎՀ-ները վիրուս լինեին, աշխարհը կարանտինում կլիներ»,-նշել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ.Կլյուգեն:
ՈՎՀ-ից մահերը, որոնք հնարավոր է կանխել, հանգեցնում են ինչպես կյանքի կորստի, այնպես էլ տնտեսական հետևանքների: Տարածաշրջանում այդ մահերի հետ կապված արտադրողականության կորուստները գնահատվում են տարեկան ավելի քան 514.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Այնուամենայնիվ, չնայած ներդրումների բարձր վերադարձի ակնհայտ ապացույցներին, ՈՎՀ-ի կանխարգելման ֆինանսավորումը մնում է խիստ անբավարար:
Չնայած այն հանգամանքին, որ 2010 թվականից ի վեր երկրների միջև անջրպետը նվազել է, լուրջ տարբերությունները դեռ պահպանվում են: Ռիսկի գործոնները, որոնք հնարավոր է կանխել, ներառյալ ծխախոտի օգտագործումը, ճարպակալումը, արյան բարձր ճնշումը և շաքարային դիաբետը, աճում և ավելի ու ավելի են կենտրոնանում տարածաշրջանի արևելյան մասում: Մինչդեռ սրտանոթային հիվանդություններից և կանխարգելվող չարորակ նորագոյացություններից մահացությունը տղամարդկանց շրջանում մնում է անհամաչափ բարձր:
Չնայած այն հսկայական խնդիրներին, որոնք առաջացնում են այս հիվանդությունները, զեկույցում ընդգծվում են նաև լավատեսական կետեր: Տարածաշրջանի տասը երկրներ արդեն հասել են մինչև 2025 թվականը դրված նպատակին՝ 25%-ով նվազեցնել վաղաժամ մահացությունը 4 հիմնական ՈՎՀ-ներից, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Այդ 10 երկրներ են` Բելգիան, Դանիան, Էստոնիան, Իսրայելը, Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները (Նիդեռլանդների Թագավորություն), Նորվեգիան, Շվեդիան և Շվեյցարիան:
Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարը լավ է հանրային առողջության համար, բայց այն նաև լավ է մեր հասարակությունների և տնտեսությունների համար: Ոչ վարակիչ հիվանդություններից կանխարգելելի մահերի և հիվանդությունների նվազեցումը կարող է բարձրացնել երկրների մրցունակությունը՝ օգնելով մարդկանց ապրել ավելի երկար և առողջ կյանքով, թույլ տալով նրանց իմաստալից կերպով ներդրում ունենալ հասարակության մեջ և կրճատել առողջապահության հետ կապված ծախսերը: