Օգոստոսի 8-ը՝ Ակնաբույժի միջազգային օր

Օգոստոսի 8-ը՝ Ակնաբույժի միջազգային օր

Աշխարհի մի շարք երկրներում, մասնավորապես՝ հետխորհրդային պետություններում, օգոստոսի 8-ին նշվում է Ակնաբույժի միջազգային օրը՝ սկսած 2004 թվականից:

Միջոցառման ստեղծման գաղափարն առաջարկել է ռուս բժիշկ Թամազ Մչեդլիձեն՝ որպես խորհրդային ժամանակների ակնաբուժության ոլորտի տաղանդավոր վիրաբույժ Սվյատոսլավ Նիկոլաևիչ Ֆյոդորովի գործունեության ճանաչում (նա ծնվել է օգոստոսի 8-ին)։

Սվյատոսլավ Նիկոլաևիչ Ֆյոդորովը խորհրդային և ռուս ականավոր ակնաբույժ և միկրովիրաբույժ էր։ Նա հայտնի է դարձել ԽՍՀՄ-ում առաջինը հաջողությամբ արհեստական ոսպնյակ տեղադրելով, ինչպես նաև աշխարհում առաջինը գլաուկոմայի վաղ փուլում բուժման վիրահատություն կատարելով։

Միաժամանակ նա ակտիվորեն մասնակցել է ճառագայթային կերատոտոմիայի (վիրաբուժական վիրահատություն, որը ներառում է աչքի եղջերաթաղանթի կտրում և թույլ է տալիս բուժել ֆոկուսացման խանգարումները) ներդրմանը և զգալի ազդեցություն է ունեցել լազերային տեսողության շտկման զարգացման վրա։

Սանկտ Պետերբուրգի բժշկական համալսարանի աշխատակիցների նախաձեռնությանն աջակցել են երկրի և արտերկրի այլ մասնագետներ: Արձագանքել են նաև Չեխիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Հունգարիայի և մի շարք այլ պետությունների բժիշկները: Ահա այսպես առաջացել է օգոստոսի 8-ը՝ որպես ակնաբույժի օր նշելու ավանդույթը:

Այս օրվա նպատակն է խրախուսել բժիշկ-ակնաբույժներին կատարելագործվել պացիենտների տեսողությունը պահպանելու և վերադարձնելու վեհ գործում: Հիմնական խնդիրը հասարակության լայն ուշադրության գրավումն է տեսողության օրգանների հիվանդությունների խնդիրներին և դրանց կանխարգելմանը: Գիտնականների հետազոտության համաձայն՝ մարդը շրջապատող աշխարհի տեղեկատվության 90%-ը ընկալում է տեսողության միջոցով։ Տեսողության կորուստը հսկայական վնաս է հասցնում մարդու կյանքի որակին գրեթե բոլոր ոլորտներում։

Հետևաբար անհնար է գերագնահատել մասնագիտացված ակնաբուժական բժշկական օգնության դերը և թե որքան կարևոր է պացիենտների բուժումը մասնագետների կողմից, որոնք ակնաբուժության ոլորտում իրենց գործի վարպետն են:

Տեսողությունն այն զգայարանն է, որի կորուստը դառնում է իսկական ողբերգություն մարդու կյանքում: Տեսողության վատթարացումը, բացի աշխարհընկալման պայծառության կորստից, զգալիորեն նեղացնում է մարդու սոցիալական հնարավորությունների շրջանակը՝ նրան պատճառելով ոչ միայն ֆիզիկական անհարմարություն, այլև հոգեբանական խնդիրներ:

Տեսողության վատթարացումը կարող է մարդուն զրկել սիրելի գործով զբաղվելու հնարավորությունից` սահմանափակելով մասնագիտական զբաղվածության սպեկտրի ընտրությունը։

Ակնաբույժների խնդիրները հանգում են հենց մարդկային այս հրատապ խնդիրների լուծմանը, մանավանդ որ աչքի հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը բավականին մեծ է:

Ըստ մասնագիտական տվյալների՝ աշխարհում տեսողության խանգարման կամ կուրության մոտ 2.2 մլրդ դեպք կա, որից ավելի քան մեկ միլիարդը՝ կանխարգելման կամ բուժման բացակայության պատճառով: Ճնշող մեծամասնությունը 50 տարեկանից բարձր մարդիկ են, սակայն ակնաբուժական խնդիրներ հանդիպում են բոլոր տարիքի մարդկանց մոտ։

Ժամանակակից ակնաբուժությունը լայն հնարավորություններ ունի աչքի բազմաթիվ հիվանդությունների բուժման համար, սակայն մասնագետները խստորեն խորհուրդ են տալիս զբաղվել նախևառաջ այդ հիվանդությունների կանխարգելմամբ:

Ըստ «Առողջություն և առողջապահություն 2024» տարեգրքի տվյալների՝ բժիշկների բաշխվածությունն ըստ մասնագիտական պրոֆիլների ցույց է տալիս, որ 2023թ.-ին ՀՀ-ում ակնաբույժների թիվը եղել է 398, որը 10.000 բնակչի հաշվով կազմում է 1.72:

Համաձայն նույն աղբյուրի՝ 2023թ.-ին ՀՀ-ում արձանագրվել է աչքի և դրա օժանդակ ապարատի hիվանդությունների 171.056 դեպք (5770.5/100.000 բնակչի հաշվով), որից 126.026-ը՝ 15 և բարձր տարիքային խմբում, իսկ 45.030-ը՝ 0-14 տարիքային խմբի երեխաների մոտ, նույն ժամանակահատվածում 0-2 տարեկան երեխաների խմբում գրանցվել է տվյալ հիվանդացության 3880 դեպք:

Հպարտությամբ պետք է նշենք, որ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի կազմում գործող, ավելի քան 90-ամյա պատմություն ունեցող «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկան իր պրոֆեսիոնալ մասնագետներով ոչ միայն գիտակլինիկական բժշկական կազմակերպություն է, որտեղ ուսումնասիրվում և բուժվում են ակնային հիվանդությունները, այլև տասնամյակներ շարունակ ակնաբույժների պատրաստման դարբնոց է: Հայաստանում ակնաբուժության առաջին ամբիոնը 1928թ.-ին բացվել է Հայկ Կանայանի ղեկավարությամբ, Երևանի պետական բժշկական ինստիտուտում։

Սրտանց շնորհավորում ենք բոլոր ակնաբույժներին մասնագիտական օրվա առթիվ: