Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ոլորտում նորարարություններ իրականացնելու հեռանկարներով` Արկադի Խանսանամյանն ավարտել ԵՊԲՀ-ն

Ոլորտում նորարարություններ իրականացնելու հեռանկարներով` Արկադի Խանսանամյանն ավարտել ԵՊԲՀ-ն

Արկադի Խանսանամյանն այս տարի գերազանցությամբ ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

 Նա այժմ Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում «Տրանսֆուզիոլոգիա և արյան պաշարում» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայում է սովորում:

«Ծրագրում եմ առաջիկայում ուսումս շարունակել և գիտելիքներս կատարելագործել նաև արտերկրում՝ Գերմանիայում «Նյարդավիրաբուժություն» մասնագիտությամբ»,-նշում է ապագա բժիշկը։

Նա խոստովանում է, որ մանկուց հետաքրքրվել է գիտությամբ և իրեն միշտ պատկերացրել է հենց այդ ոլորտում:

«Ընտրեցի բժշկությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս զբաղվել գիտությամբ և, միաժամանակ, օգտակար լինել մարդկանց։ Ինչպես ցանկացած մասնագետի, այնպես էլ բժշկի համար ամենակարևորը սերն է դեպի ընտրած մասնագիտությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ աշխատել»,-ընդգծում է կլինիկական օրդինատորը, որի  գնահատմամբ՝ հատկապես բժիշկների համար կարևոր է պատասխանատվությունը, քանի որ գործ ունեն մարդկային կյանքերի հետ։  Բժիշկը  պետք է լինի հետաքրքրասեր, համբերատար, բարի, նրբանկատ, մարդասեր:

Արկադի Խանսանամյանի խոսքով՝ ԵՊԲՀ-ում սովորելու ընթացքում բացի գիտելիքներ ստանալուց, ձեռք է բերել շատ ընկերներ, մարդկային նոր որակներ, հնարավորություն է ունեցել դառնալու բժշկագիտության ոլորտում երկրի լավագույն մասնագետների ուսանողը:

«Թրծվելով  բժշկական 100-ամյա կրթօջախում, սկսեցի ավելի արժևորել մարդկային կյանքը»,-հավելեց ապագա մասնագետը:

 Նա վստահ է՝ առողջապահական համակարգը զարգացնելու նպատակով պետք է  շարունակական ծրագրեր կյանքի կոչվեն:

«Կարծում եմ՝ կարևոր է ապահովագրության շրջանակի ընդլայնումը, որպեսզի բժշկական ծառայություններն ավելի հասանելի և մատչելի լինեն բնակչության համար»,-համոզված է նա:

Արկադին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից է: Նաև սեփական մարզում, ծննդավայրում առողջապահությունը զարգացնելու ցանկություն ունի: