Ոսկրամկանային ռադիոլոգիայի եվրոպական միության՝ ESSR Outreach 2-րդ կոնֆերանսի մեկնարկը

Ոսկրամկանային ռադիոլոգիայի եվրոպական միության՝ ESSR Outreach 2-րդ կոնֆերանսի մեկնարկը

Երևանում մեկնարկեց Ոսկրամկանային ռադիոլոգիայի եվրոպական միության՝ ESSR (European Society of Musculoskeletal Radiology) Outreach 2-րդ գիտագործնական կոնֆերանսը։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի և «Հերացի-100» հիմնադրամի հետ համատեղ անցկացվող երկօրյա ներկայացուցչական միջոցառումը համախմբել էր շուրջ 100 առաջատար մասնագետի Հայաստանից և եվրոպական երկրներից:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ Գառնիկ Ավետիսյանը: «Աշխատանքի բերումով ստացվում է այնպես, որ հաճախ չենք հանդիպում: Սա հրաշալի հնարավորություն է` և’ միմյանց հետ շփվելու, և’ մասնագիտական հարցեր քննարկելու: Համոզված եմ, որ ընտրված թեման շատ կարևոր է և արդիական ինչպես արագ զարգացող մեր առողջապահական համակարգի համար, այնպես էլ հենց ռադիոլոգիայի բնագավառի», – նշեց պրոռեկտորը` մաղթելով արդյունավետ և բովանդակալից քննարկում:

ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, ամերիկահայ բժիշկ-ճառագայթաբան, Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամ, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր և Ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ, գործարար-բարերար Լևոն Նազարյանը տեսազանգով ողջունեց ճառագայթաբաններին:

«Վերջին 30 տարվա ընթացքում ես ներգրավված եմ եղել Հայաստանում ճառագայթաբանության ոլորտի կրթության գործընթացում: Շատ հպարտ եմ, որ այդ ընթացքում ականատեսն եմ եղել Հայաստանում այդ ոլորտի աճին: Եվ այսպիսի կարևոր միջոցառման անցկացումը Երևանում վկայում է հենց ռադիոլոգիայի զարգացման մասին: Նաև տպավորված եմ այն փաստով, թե ինչպես են հայ ռադիոլոգները դասախոսություններ կարդում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում», – շեշտեց հայազգի գիտնականը:

Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Ղալումյանն իր խոսքում ընդգծեց. «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել բոլորիդ ռադիոլոգիական համայնքի համար կարևոր բժշկական միջոցառմանը, որը նվիրված է ոսկրամկանային համակարգի ռադիոլոգիայի նորարարություններին»:

Նա ցանկություն հայտնեց, որպեսզի համագործակցության նման օրինակները լինեն շարունակական, և դրանք սևեռվեն համատեղ աշխատանքներ իրականացնելու և կրթական համակարգն առավել արդիականացնելու ու նորարարական մոտեցումներով հագեցնելու վրա:

Որպես Ճառագայթային ախտորոշման ամբիոնի հետ երկարամյա գործակցության հավաստում` հայազգի առաջատար բժիշկ-ճառագայթաբան, M.D., FRCPC և ESSR Outreach Course-ի համակազմակերպիչ Արա Կասսարջյանին հանդիսավոր կերպով շնորհվեց ամբիոնի այցելու պրոֆեսորի կոչում:

Մեր հայրենակիցը երախտագիտություն հայտնեց բժշկական համալսարանին համաժողովի կազմակերպման և նման պատվավոր կոչման արժանացնելու համար:

«Խորապես զգացված եմ: Այս համաժողովը թիմային աշխատանքի արդյունք է և ևս մեկ անգամ փաստում է` մեկ անհատը չի կարող հասնել այն ամենին, ինչին կարող է հասնել մի ամբողջ թիմը», – ընդգծեց Արա Կասսարջյանը, ով ճանաչված մասնագետ է ոսկրամկանաային ռադիոլոգիայի ոլորտում՝ խորացված փորձով ՄՌՏ և ՄՌԱ (մագնիսառեզոնանսային արթրոգրաֆիա) հետազոտություններում։ Նա նախկինում զբաղեցրել է Հարվարդի բժշկական դպրոցի ռադիոլոգիայի դոցենտի պաշտոնը, իսկ ներկայումս հանդիսանում է Մադրիդի Olympia բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար։

Դոկտոր  Կասսարջյանի մասնագիտական զեկույցները վերաբերում էին ծնկի վնասվածքների ՄՌՏ-ին, մկանների ՄՌՏ-ին, մկանային վնասվածքներին, մկանային բորբոքմանը, մասնագետը ներկայացրեց նաև կլինիկական դեպքերի կոնկրետ օրինակներ:

Հատկանշական է, որ նա հանդիսացել է Երևանում 2017 թվականին կայացած առաջին European Society of Musculoskeletal Radiology Outreach Course-ի համակազմակերպիչը։

Ոսկրամկանային պատկերային ախտորոշման առաջատար մասնագետ և ESSR խորհրդի անդամ, դոկտոր Դիանա Աֆոնսոն հանդես եկավ «Կոնք-ազդրային վնասվածքների ՄՌՏ», «Ուսի վնասվածքների ՄՌՏ», «Կոճի վնասվածքների ՄՌՏ», «Մկանային ուռուցքներ» խորագրով զեկույցներով, նա ևս անդրադարձավ կլինիկական դեպքերին:

Դոկտոր Աֆոնսոն Լիսաբոնում գտնվող CUF Tejo հիվանդանոցի ոսկրամկանային պատկերային ախտորոշման բաժնի խորհրդատու ռադիոլոգ և համակարգող է։ Նա եղել է հետազոտական գիտաշխատող Դյուկի համալսարանում, ինչպես նաև ESSR-ի կողմից շնորհված ոսկրամկանային ռադիոլոգիայի եվրոպական դիպլոմակիր։ Նրա լայն միջազգային փորձը ներառում է առաջադեմ սպորտային և օրթոպեդիկ պատկերային ախտորոշում։

Անխել Բուենո Օրկախադասը ոսկրամկանային ռադիոլոգիայի ճանաչված մասնագետ է, լայն փորձ ունի ինտերվենցիոն ռադիոլոգիայի և սպորտային պատկերավորման ոլորտներում։ Նա աշխատում է Մադրիդի Hospital Universitario Fundación Alcorcón-ում, ինչպես նաև համագործակցում է HM Puerta del Sur University Hospital-ի և Clínica Ruber Juan Bravo-ի հետ` որպես խորհրդատու։ Նա աշխատում է նաև Clínica Olympia-ի Elite Sports Imaging բաժնում։

Նրա դասախոսության թեման ուլտրաձայնային հետազոտություններն էին, ինչի ընթացքում եղան նաև ուղիղ ցուցադրություններ (Live Demonstrations):

Նշենք, որ համաժողովի կազմակերպչական մասը համակարգում էին «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային հետազոտության բժիշկ, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Մարինա Ալոյանը և նրա դուստրը` ապագա ճառագայթաբան Մարիա Հակոբյանը:

ESSR Outreach 2-րդ գիտագործնական կոնֆերանսը կշարունակի աշխատանքը վաղը` հոկտեմբերի 4-ին` բժշկական համալսարանում։