Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սվետլանա Նալբանդյանի դասերը բժշկական համալսարանում միշտ առանձնանում են ակտիվությամբ և ստեղծագործական յուրահատուկ մոտեցմամբ։
Հերթական բաց դասի թեման այս անգամ էֆթանազիան էր։ Ուսանողները հետաքրքիր քննարկում ծավալեցին էֆթանազիայի տեսակների, տերմինի առաջացման, իրավական կարգավորման և բժշկական աշխարհում ընդունելի լինելու մասին։ Կառուցողական բանավեճի ընթացքում ապագա բժիշկները կիսվեցին էֆթանազիայի անհրաժեշտության և դրա անթույլատրելիության մասին իրենց կարծիքներով՝ փորձելով հիմնավորել տեսակետները։
Մասնագիտական բաց դասն ուղեկցվեց ռուսաց լեզվի հնչյունաբանությանը, քերականությանը և կետադրական նշաններին առնչվող հետաքրքրաշարժ հարցերով և առաջադրանքներով, որոնք ամփոփվեցին ասացվածքներով համեմված մնջախաղի մրցույթով։
Ուսանողներին մատուցվող նոր դասը վերաբերում էր բժշկական դարձվածքներին։ Ռուսաց լեզվին բնորոշ և բժշկական միջավայրում տարածված դարձվածքները վերցված էին սրտաբանության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, ակնաբուժության ոլորտներից։
Ապագա բժիշկների բազմակողմանի գիտելիքների համալրմանն ուղղված միջոցառումները բժշկական բուհում շարունակական են: