Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Փոխելով միջավայրը. գրադարանի վերակառուցման ծրագրի մեկնարկը տրված է

Փոխելով միջավայրը. գրադարանի վերակառուցման ծրագրի մեկնարկը տրված է

«Կերոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում ԵՊԲՀ-ն կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր գրադարան, որը կհավակնի դառնալ ոչ միայն ուսումնական գործընթացի կարևոր բաղկացուցիչ, այլև բոլորովին նոր որակի կրթական միջավայր և ուսանողական տարածք:

Հիմնադրամի թիմին` ի դեմս հիմնադիր Մարետա Գևորկյանի և գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի ընդունեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Մեկնարկող ծավալուն այս գործընթացի մանրամասները քննարկելու և նախաձեռնության ճարտարապետական ու գաղափարական կետերը ներկայացնելու նպատակով կայացած հանդիպմանը մասնակցում էին Նեդերլանդներից ժամանած գլխավոր ճարտարապետներ Յեֆ վան դեն Պուտը և Փիթեր Դեֆեշը, որոնք ներկայացնում են DVDP ընկերությունը:

«Մեզ համար կարևոր օր է. համալսարանն իր որդեգրած առաքելության համաձայն՝ իրականացնում է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, քննարկելու ենք մեզ հետ համագործակցության հուշագրի համաձայն՝ «Կերոն» հիմնադրամի կողմից գրադարանի ստեղծումը»,- ասաց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ բուհի համար կարևոր է միջազգային բնագավառում հուսալի գործընկերներ ունենալը:

«Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը նշեց, որ հիմնադրամը գործունեության առաջին օրից աշխատում է տարբեր կառույցների հետ, և իրենց համար բժշկական համալսարանի ղեկավարությունն առանձնանում է արհեստավարժ, բաց և պատրաստակամ աշխատելաոճով:

«Աշխատանքային նման մոտեցումը ոգեշնչում է մեզ ավելի լայնամաշտաբ ծրագրեր իրականացնել։ Համաձայն մեր առաքելության՝ մեր նպատակն է երկրում փոփոխել, բարելավել նաև կրթական միջավայրը»,- ասաց նա` տեղեկացնելով, որ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, նախքան Նիդերլանդների գործընկերներին ընտրելը, շուրջ 20 կազմակերպություն է դիտարկվել տարբեր երկրներից, սակայն, տարբեր չափանիշներից ելնելով, նախապատվությունը տրվել է հենց իրենց:

Բաց և փակ դահլիճներ, հանգստյան գոտիներ, ուսումնական ռեսուրսների հետ շփման նորարարական ձևաչափ նախատեսող գրադարանը «Կերոն» զարգացման հիմնադրամի մեծ ու ազդեցիկ ծրագրերից մեկն է, որի շրջանակներում հիմնադրամը ներգրավել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ Գոռ Խաչատրյանին, Սուրեն Թադևոսյանին ու Դավիթ Զազյանին, ովքեր հնարավորություն կունենան աշխատել այս եզակի նախագծի վրա միջազգային մեծ ընկերության հետ համատեղ: Նրանց նորարարական գաղափարներով, երիտասարդական ներուժով մասնակցությունն այս գործում ԵՊԲՀ ղեկավարը բարձր գնահատեց` շեշտելով, որ տարիներ անց հպարտանալու առիթ կունենան:

Նիդերլանդներից ժամանած մասնագետներն առաջին անգամ են Հայստանում: Տարբեր երկրներում գործունեության ու մեծ նախագծեր կյանքի կոչելու փորձ ունեցող արտասահմանցի հյուրերը ներկայացրին իրենց հարուստ փորձը և իրականացրած նախագծերը, որոնց առաջնային նպատակն է գրադարաները դարձնել ամենալավ ուսանողական տարածքը յուրաքանչյուր կրթագիտական հաստատությունում` հնարավորություն տալով հաղորդակցվել, ընթերցել, հետազոտել, զարգանալ ոչ միայն ուսանողներին, այլև դասախոսներին ու երիտասարդ գիտնականներին:

Հիմնադրամի Գործառնությունների և զարգացման գծով տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանը, հանգամանալից խոսելով ակնկալվող արդյունքի մասին, նշեց, որ շուրջ 260 ուսանողի շրջանում ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի հետ կատարվել է հարցում, որի հիման վրա նախաձեռնողները հստակ պատկերացում են կազմել այն մասին, թե ապագա բժիշկներն ինչ դիտարկումներ և ակնկալիքներ ունեն:

Հարցման առանցքում էին գրադարանի աշխատանքային ժամերից մինչև հագեցվածությանը վերաբերող տարբեր հարցեր:

Հանդիպմանը հաջորդեց հյուրերի շրջայցը համալսարանի այն տարածքներում, որտեղ նախատեսվում է կառուցել գրադարանը (խոսքը Լաբորատոր մասնաշենքի երրորդ հարկի մասին է):

Հաջորդիվ, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանի, այլ պատասխանատուների հետ պարբերաբար կկազմակերպվեն աշխատանքային քննարկումներ:

«Կերոն» զարգացման հիմնադրամի նպատակն է Հայաստանում ստեղծել այնպիսի միջավայր, որը գրավում է նախաձեռնող անհատներին՝ խթանելով նրանց ջանքերը հասարակության և երկրի բարգավաճման գործում։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին կնքված հուշագրի համաձայն՝ զարգացման հիմնադրամը ստանձնել է գրադարանի, ընթերցասրահի կառուցման, նորոգման ողջ գործընթացը, ներառյալ՝ մատակարար և կառուցապատող ընկերության ընտրություն, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման պատվիրում, ֆինանսավորում և այլն, իսկ համալսարանը տրամադրելու է անհրաժեշտ տարածքը, նախագծային առաջադրանքը համաձայնեցնելու է, հաստատման ներկայացնելու իրավասու մարմիններին, համատեղ կարգով ընդունելով մաստշաբային այս աշխատանքի արդյունքները։