Բժշկական համալսարանում անցկավեց Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի 5-րդ վիրաբուժական ուսանողական օլիմպիադան։
Լինելով յուրահատուկ ստուգատես՝ օլիմպիադայի շուրջն էին համախմբվել վեց տասնյակից ավել ապագա վիրաբույժ։
Ձևավորված առողջ մրցակցության պայմաններում ուսանողները ներկայացրին ամիսներշարունակ ձեռք բերած գործնական հմտությունները և տեսական գիտելիքները, որոնք մշտապես եղել են ամբիոնի ուսումնամեթոդական աշխատանքների անբաժան մասը։
Ազդարարելով օլիմպիադայի սկիզբը՝ Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը կարևորեց ուսանողների մասնակցությունը վիրաբուժական խմբակի աշխատանքներին և տարեվերջյան օլիմպիադային։
Ցուցաբերելով մասնագիտական բարձր ունակություններ՝ ուսանողները մրցեցին 4 տարբեր առաջադրանքում։
Ապագա բժիշկների հմտությունները գնահատեցին ժյուրիի անդամները` պրոֆեսորներ` Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանը, Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ Միսաք Միրիջանյանը, Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Իրինա Մալխասյանը, Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Սևակ Շահբազյանը։
Նշենք, որ ԵՊԲՀ-ում կազմակերպվող օլիմպիադաներն, առաջին հերթին, միտված են ուսանողների գործնական հմտությունների կատարելագործմանը։