Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը իսպանացի գործընկերների հետ քննարկել է COVID-19-ի դեմ պայքարը

Պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը իսպանացի գործընկերների հետ քննարկել է COVID-19-ի դեմ պայքարը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը շարունակում է արդյունավետ համագործակցությունը Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի հետ։ Բժշկական բուհի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը կարճ ժամանակ առաջ դասախոսություններով հանդես եկավ վերոհիշյալ համալսարանում։ 

«Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում բազմաթիվ միջոցառումների եմ մասնակցել, սակայն այս ձևաչափով առաջին անգամ էի մասնակցում դասախոսների միջհամալսարանական փոխանակման ծրագրին։ Շատ հետաքրքիր փորձ էր։ Տարբեր թեմաներ առաջարկեցի ուսանողների հետ քննարկելու համար: Այսօր աշխարհում քննարկվող թիվ 1 թեման  կորոնավիրուսային համավարակն է, ինձ խնդրեցին ներկայացնել իրավիճակը Հայաստանում», – պատմում է Արտաշես Թադևոսյանը։ Դասընթացին մասնակցել է շուրջ 240 ուսանող։ Քննարկվել են համավարակի ազդեցությունը մեր երկրում հանրային առողջապահության դիտակետից՝ տարածման գործընթացը, պայքարի մոտեցումները, բնակչության վարքագիծը։

«Ինձ համար շատ կարևոր էր տեսնել՝ ինչպես են մարդիկ ապրում և առնչվում համավարակին Իսպանիայում, հանրային առողջության տեսանկյունից հասկանալ մշակութային տարբերությունները։ Իրենց համար նույնպես շատ հետաքրքիր էր մեր փորձը», – շեշտում է համալսարանական մասնագետը։  

Իսպանական Սանտիագո դե Կոմպոստելա փոքրիկ քաղաքում, ըստ նրա, բնակչության 90%-ը դիմակով էր նույնիսկ բաց տարածքներում՝ չնայած պարտադրանքի բացակայությանը։

«Կարգապահությունն ու կազմակերպվածությունն այս քաղաքում բավականին բարձր մակարդակի վրա էին», – ավելացնում է Արտաշես Թադևոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ բժշկական բուհի ղեկավարի հանձնարարությամբ Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնն իրականացնում է հետազոտություն՝ համեմատականներ անցկացնելով Հայաստանում կորոնավիրուսի թեստի դրական և բացասական արդյունքների և դրանց առանձնահատկությունների միջև։

«Բացի դրանից, մենք վերջերս շահեցինք պետական ֆինանսավորում և մեծ հետազոտություն ենք անցկացնում։ Դա երեք տարի տևողությամբ լուրջ աշխատանք է, որում ներգրավված է մեր ամբիոնի 4 աշխատակից։ Մեր աշխատանքային խումբը պիտի ուսումնասիրի COVID-19-ի  բեռը առողջապահության համակարգի վրա։ Արդյունքում ծրագրում ենք մշակել որոշակի մոտեցումներ, առաջարկություններ՝ մեղմացնելու այդ բեռը և հզորացնելու համակարգն այսպիսի ճգնաժամային իրավիճակների դեպքում», – նշում է Արտաշես Թադևոսյանը։ Մինչ այժմ, նրա խոսքով, թվային որևէ տվյալ կամ փաստ չկար այն մասին, թե համավարակի պայմաններում ինչքանով տուժեցին բժշկական մյուս ծառայությունները։

«Եթե մենք, օրինակ, 30 հիվանդանոց փակում ենք՝ վերապրոֆիլավորելով դրանք որպես քովիդ կենտրոններ, դա նշանակում է, որ այդ հիվանդանոցի սպասարկման շրջանակում գտնվող մարդիկ զրկվում են մնացած հիվանդությունների բուժման հնարավորությունից», – ընդգծում է հանրային առողջության մասնագետը։

Նրա համոզմամբ՝ սա վերջին համավարակը և վերջին վիրուսը չէ, որը լուրջ մարտահրավեր է աշխարհի համար:

«Երբ 1970-80-ական թվականներին հայտարարվեց, որ «Ծաղիկ» հիվանդությունը վերացվել է, դրանից հետո 30-ից ավելի ծանր վիրուսային հիվանդություն ի հայտ եկավ։ Դրանց թիվը նորից է ավելանալու։ Երբեմն հիվանդությունները մեղմ ընթացք են ունենում, երբեմն էլ՝  սարսափելի հետևանքներով, ինչպես եղավ այս դեպքում։ Երկրները պետք է պատրաստ լինեն այս խնդիրներրի հաղթահարմանը», – նշում է Արտաշես Թադևոսյանը։ Նրա կարծիքով՝ կարևոր է հասկանալ՝ ռեսուրսային ինչ ապահովվածություն ունի մեր երկիրը։

«Խնդիրներ շատ կան․ հիվանդանոցները պետք է հագեցնենք մահճակալներով, ապահովենք մեկուսացման հնարավորություններ։ Պետք է իրատեսական մոտեցումներ որդեգրենք», – ասում է դասախոսը՝ ընդգծելով պատվաստման կարևորությունն ու առաջնահերթությունը և շեշտելով, որ այդ գործընթացը չի կարող միանման իրականացվել տարբեր երկրներում:  

Բացի դրանից, հավելում է Արտաշես Թադևոսյանը, կորոնավիրուսային հիվանդության և պատվաստման մասին բոլոր կեղծ տեղեկությունները պետք է ընդունվեն քննադատորեն և հիմնվեն միայն գիտական լուրջ հետազոտությունների վրա: