Օրերս Միլանում կայացել է “Mining Biochemistry for Human Health and Disease” խորագիրը կրող 48-րդ FEBS համագումարը, որին մասնակցել է ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտական աշխատող Կոնստանտին Ենկոյանը:
Այս անգամ համագումարը նշանավորվել է Նոբելյան մրցանակակիրներ Բրյուս Ալան Բոյտլերի, Ռոբերտ Հուբերի, Վենկատրաման Ռամակրիշնանի, Ջոն Ուոքերի ոգեշնչող հիմնական զեկույցներով:
Ելույթ են ունեցել նշանավոր գիտնականներ Էլենա Կոնտին ու Բրենդա Շուլմանը Մաքս Պլանկ ինստիտուտից, Ալբերտո Մանտովանին, Սանդրո Սոննինոն Միլանի համալսարանից և այլոք:
Բոլոր ելույթների հիմնական ուղերձում թիրախավորվել է կենսաքիմիան, մոլեկուլային և բջջային մեխանիզմների մոտեցումը՝ որպես մարդու առողջության և ախտաբանության անսպառ ինֆորմացիայի աղբյուր:
Այս ուղղությամբ իրականացված գիտական հետազոտությունների արդյունքներից զատ, FEBS-ը գիտական հանրությանը ներկայացրել է նաև ոլորտի նորագույն ձեռքբերումների արդյունաբերական նշանակությունը:
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» հետազոտական թիմի կատարած ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են “Oxidative Damage and Alteration of Celllar Bioenergetics in Primary Culture-Based Model of Alzheimer’s Disease” աշխատանքով, որի շուրջ համախմբվել և հետաքրքիր քննարկումներ են ունեցել հետազոտողներ աշխարհի բոլոր ծայրերից: