2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ռեկտորատի նիստ անցկացվեց։ Ուսումնական, կազմակերպչական, ընթացիկ մի շարք այլ ուղղություններով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ըստ ոլորտների լսեց պատասխանատուների կողմից կատարված ընթացիկ ու ծրագրված աշխատանքների մասին։ Նիստի սկզբին նա մեծ ներդրման և անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց վերջին տարիներին ԵՊԲՀ քոլեջը ղեկավարած Ալեքսան Հովհաննիսյանին՝ հետագա մասնագիտական գործունեության մեջ մաղթելով հաջողություններ և աշխատանք՝ նաև ի նպաստ կրթական ոլորտի։ Ալեքսան Հովհաննիսյանը գործընկերներին և անձամբ ռեկտորին շնորհակալություն հայտնեց տարիների ընթացքում աջակցության և վստահության համար։
Ռեկտորի հանձնարարությամբ քոլեջի ղեկավարումը ժամանակավորապես վստահվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Վահե Այվազյանին, ումից ակնկալվում է արդյունավետ գործունեություն, որակական փոփոխությունների իրականացում և առկա հաջողությունների շարունակականության ապահովում։
Հաջորդիվ բոլոր ֆակուլտետների դեկանները զեկուցեցին կատարվող աշխատանքների մասին, որոնք վերաբերում են առաջին կուրսեցիների հետ կայանալիք հանդիպումներին, խմբերի ցուցակագրմանը, որոշ ֆակուլտետներում դեռևս ընթացող ընդունելությանը, այլ հարցերին։ Ֆակուլտետների ղեկավարների հետ առաջիկայում կանցկացվեն հաշվետվողական քննարկումներ։
Բժշկական բուհը կդիմավորի առաջին կուրսեցիներին նոր ձևաչափում, նոր նախաձեռնություններով, մեծ ոգևորությամբ, ինչի մասին զեկուցվեց Ուսանողական խորհրդարանի նախագահի կողմից։
Այն ամբիոններում, համալսարանական ստորաբաժանումներում, որտեղ ընթանում է շինարարություն, ռեկտորը պատասխանատուներից հետաքրքրվեց ընթացքի և ժամկետների մասին։
«Հերացի» դպրոցի բարձր դասարանների աշակերտները առաջիկայում հանդիպումներ կունենան համալսարանական անվանի կլինիցիստների, բժիշկ-գիտնականների հետ, ինչը կունենա ճանաչողական և մասնագիտական հետագա ընտրության հարցում կողմնորոշիչ նշանակություն։