Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Ռուբեն Յոլյանի անվան» կրթաթոշակառուի նշանաբանն է՝ եթե կա նպատակ, ցանկություն, ապա կարելի է հասնել ամեն ինչի

«Ռուբեն Յոլյանի անվան» կրթաթոշակառուի նշանաբանն է՝ եթե կա նպատակ, ցանկություն, ապա կարելի է հասնել ամեն ինչի

Ստոմատոլոգիկան ֆակուլտետի ուսանող, «Ռուբեն Յոլյանի անվան» կրթաթոշակի արժանացած Մարիամ Հարությունյանը վաղ տարիքից գիտակցել է՝ առողջ լինելու կարևորությունը, առանց որի երջանիկ լինելն անհնար է։ «Մասնագիտություն ընտրելիս, երբ վերլուծում էի կյանքիս անցած տարիները, հանգեցի մի պարզ եզրակացության՝ իմ մեջ միշտ եղել է մարդկանց օգնելու և նրանց երջանկացնելու անսպառ ցանկությունը»,-ասում է նա՝ ավելացնելով, որ խորը գիտակցմամբ է երազել, իսկ այժմ նպատակադրել մարդկանց պարգևել առողջություն, հետևաբար՝ երջանկացնել։ Իսկ երջանկության արտահայտման գլխավոր ձևերից մեկն առողջ և գեղեցիկ ժպիտն է։  

Լինելով բժիշկ-ստամատոլոգ՝ նա պատրաստվում է մարդկանց ընձեռել բերանի խոռոչի հիվանդությունները կանխարգելելու, բուժելու և վերջինիս հետևանքները վերացնելու հնարավորությունը՝ միաժամանակ պացիենտներին պարգևելով գեղեցկություն, գրավչություն և ինքնավստահություն, որոնք հոգեկան առողջության գրավականներն են։ Մարդուն բուժելու ամենաարդյունավետ միջոցը ծիծաղն է, անթերի և առողջ ժպիտը:

Ինչպես նշում է Մարիամ Հարությունյանը՝ իրեն փոքրուց դաստիարակել  են լինել աշխատասեր և նպատակասլաց, բայց ոչ թե «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, այլ բարձրագույն արժեքներ սերմանելով։ «Հիշում եմ, որ առաջին ուսուցչուհիս ինձ ասոցացնում էր մեղվի հետ՝ անդադար աշխատող և պրպտող։ Դպրոցն ինձ զինեց անհրաժեշտ գիտելիքներով և բացահայտեց կյանքի բազում գաղտնիքներն ու ճանապարհեց բժշկական համալսարան, որտեղ քայլ առ քայլ փորձում եմ հասնել իմ երազանքին»,- ասում է դպրոցը գերազանց  առաջադիմությամբ ավարտած ապագա ստոմատոլոգը, որը նպատակ էր դրել նույն կերպ շարունակել ուսումը բժշակական բուհում և հասնել հաջողությունների։

«Լինելով պերֆեկցիոնիստ՝ երբևիցե չեմ ընտրել հեշտ ուղիներ. միշտ աշխատել եմ, սովորել, կատարելագործվել՝ չնայած բոլոր դժվարություններին և խոչընդոտներին։ Իմ նշանաբանն է. «Եթե կա նպատակ, եթե կա ցանկություն, ապա դու կարող ես հասնել ամեն ինչի»,-ընդգծում է անվանական կրթաթոշակառուն։

Նրա խոսքով՝ երբ ունես նպատակ դարձած երազանք, ապա դա ինքնին հզոր շարժիչ ուժ է, որը քեզ ոգեշնչում է գործել առանց կանգ առնելու։

«Անշուշտ, բարձր առաջադիմությամբ բժշկական համալսարանում սովորելը հեշտ չէ, բայց գիտակցելով  ընտրածդ մասնագիտության պատասխանատվության աստիճանը՝ ներքին և արտաքին բոլոր ռեսուրսներն օգտագործելով պետք է համառորեն ձգտես առավելագույնին։ Սովորելու ընթացքում առաջնորդվելով, որ փուլ առ փուլ ստեղծված փոքր նպատակներն ու դրանց իրականացումը հանգեցնում է վերջնարդյունքի։

Բժշկական համալսարանի ուսանող լինելն արդեն իսկ պարտավորեցնող է ապագա ստոմատոլոգի համար, իսկ անվանական կրթաթոշակառուի կոչմանն արժանանալ՝ ավելի քան.

«Այն վստահությունը, որը ստանում ենք համալսարանի կողմից, պետք է բարձր գնահատել, երբեք չմոռանալ և վստահ քայլերով ձգտել ապացուցել ընձեռված կոչմանն արժանի լինելը»

Ապագա ստոմատոլոգը դեռ վերջնական որոշում չի կայացրել մասնագիտացման ընտրության հարցում, բայց անկախ ընտրությունից ձգտելու է լինել լավագույնը և բարձր պահել հերացիականի բարձր անունը։

«Մասնագիտական կայացման իմ ճանապարհը դեռ նոր է սկսվելու, որը պահանջում է երկար տարիների քրտնաջան աշխատանք, բայց համոզված եմ, որ այդ ճանապարհը լեցուն է լինելու բազմաթիվ և՛ դժվարություններով, և՛ բացահայտումներով, և՛ ձեռքբերումներով, որոնք օգնելու են ինձ դառնալ որակյալ մասնագետ»,-ասում է բժշկական բուհի ուսանողը՝ շեշտելով, որ բժշկի մասնագիտություն ընտրած մարդկանց մեջ առանցքային է համարում մարդասիրությունը, բարձր պատասխանատվությունը, համբերատարությունը, կարգապահությունը և շարունակաբար ինքնակրթվելու, կատարելագործվելու ձգտումը։