Բժշկական բուհի Օտար լեզուների ամբիոնը՝ դոցենտ Սվետլանա Նալբանդյանի նախաձեռնությամբ, ռուսաց լեզվի յուրահատուկ նախատոնական դաս էր կազմակերպել Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսեցիների համար։
«Չէ՞ որ, եթե աստղերը փայլում են, ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է»․ այս լավատեսական բառերով սկսվեց ոչ սովորական դասն ապագա բժիշկների մոտ։
Օտար լեզուների ամբիոնում արդեն տարիներ ի վեր ձևավորվել են հետաքրքիր ավանդույթներ, որոնցից մեկն էլ փոքրիկ միջոցառումներն են․ յուրաքանչյուր կիսամյակի վերջում դրանք ամփոփում են ամբիոնի հաջողություններն ու հաղթանակները։ Այդ միջոցառումների ընթացքում ուսանողները ծանոթանում են համաշխարհային գրականության «ոսկե» էջերին, ինչը կարևոր է միջմշակութային կապերի ընդլայնման և բարոյական արժեքների ամրապնդման, աշխարհայացքի ձևավորման առումով։
Այս անգամ ընտրվել էր ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը։ 17-ամյա ապագա բժիշկներն քննարկում ծավալեցին կենսական կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպես, օրինակ, «Հանուն ինչի՞ է ապրում մարդը։ Ի՞նչ է հավատարիմ ընկերությունը և իրական սերը»։
Բուռն քննարկման արժանացան գրքի հիմնական պատվիրանները.
«Մենք փորձեցինք հասկանալ և գիտակցել մարդկային հարաբերությունների արժեքն ու գեղեցկությունը գրքի յուրաքանչյուր դրվագում։ Տպավորությունները շատ էին, այդ մասին կարելի է խոսել ու խոսել։ Փոքրիկ իշխանը գնաց, բայց նա միշտ վերադառնում է նրանց մոտ, ովքեր սիրով նորից են թերթում այդ հրաշալի ստեղծագործության էջերը», – եզրափակում է Սվետլանա Նալբանդյանը։