Սառույցի դրական և բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա

Սառույցի դրական և բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա

Ամառային շոգը հաղթահարելու լավագույն միջոցներից է սառույցի օգտագործումը: Ստարտափների, սրճարանների և արդյունաբերության վիճակագրության համաձայն՝ ամռան շոգ ամիսներին սառույցի սպառման ծավալները ամբողջ աշխարհում աճում են 3-5 անգամ՝ համեմատած ձմեռային ժամանակահատվածի հետ: Ջերմաստիճանի յուրաքանչյուր աստիճան բարձրացումը հանգեցնում է սառույցի պահանջարկի կտրուկ թռիչքի: Սառույցի տարեկան սպառման 70-80%-ը բաժին է ընկնում հունիսից օգոստոս (հարավային կիսագնդում՝ դեկտեմբերից փետրվար) ամիսներին: Շոգին սառույցի գործարաններն ու մեծ սրճարանների սառցագեներատորներն անցնում են 24/7 աշխատանքային ռեժիմի, սակայն հաճախ միևնույն է առաջանում է դեֆիցիտ:

Իր զովացուցիչ և դրական նշանակության հետ միասին սառույցը վարակիչ հիվանդությունների փոխանցման կարևոր և հաճախ թերագնահատված գործոն է, քանի որ ցածր ջերմաստիճանը չի սպանում ախտածին միկրոօրգանիզմների մեծ մասին, այլ պահպանում է դրանց կենսունակությունը երկար ժամանակ։ Շատերը սխալմամբ կարծում են, որ սառեցումը ախտահանում է ջուրը, սակայն իրականում սառույցը կարող է ծառայել որպես կենսաբանական շտեմարան զանազան բակտերիաների, վիրուսների և մակաբույծների համար։

Սառույցի միջոցով վարակումը հիմնականում տեղի է ունենում ֆեկալ-օրալ մեխանիզմով հետևյալ ուղիներով.

  • Աղտոտված ջրի օգտագործում: Եթե սառույցը պատրաստվում է չզտված, կեղտոտված կամ մանրէաբանական տեսանկյունից անապահով ջրից։
  • Ոչ հիգիենիկ արտադրություն և պահպանում: Սառույց պատրաստող սարքերի անկանոն մաքրումը բերում է կենսաթաղանթների առաջացման։
  • Խաչաձև աղտոտում: Սառույցը բաժակների մեջ լցնելիս կեղտոտ ձեռքերի, չլվացված թիակների կամ այլ առարկաների հետ շփումը։

Սառույցի մեջ գոյատևող հիմնական ախտածիններն են`

  • Վիրուսներ: Նորովիրուսը, ռոտավիրուսը և հեպատիտներ A, E-ի վիրուսները չափազանց կայուն են ցածր ջերմաստիճանների նկատմամբ։ Նույնիսկ ամիսներ շարունակ սառեցված վիճակում մնալուց հետո, հալվելիս դրանք պահպանում են իրենց ախտածնությունը։
  • Բակտերիաներ: Այնպիսի վտանգավոր բակտերիաներ, ինչպիսիք են Salmonella-ն, coli-ն և Shigella-ն, հեշտությամբ տանում են սառեցումը։ Legionella բակտերիան նույնպես կարող է տարածվել սառույցի մեքենաների ջրային համակարգերից։
  • Մակաբույծներ: Giardia և Cryptosporidium նախակենդանիների ցիստերը պաշտպանված են ամուր թաղանթով, ինչը թույլ է տալիս նրանց կենդանի մնալ սառույցի խորանարդիկների ներսում։

Ինչպե՞ս կանխարգելել վարակումը

  1. Ջրի որակի հսկողություն: Սառույց պատրաստել բացառապես խմելու, ֆիլտրված կամ եռացրած ջրից։
  2. Սարքավորումների հիգիենա: Պարբերաբար ախտահանել կենցաղային և արդյունաբերական սառցագեներատորները։
  3. Անհատական հիգիենա: Սառույցին երբեք չդիպչել մերկ ձեռքերով. օգտագործել հատուկ մաքուր գդալներ կամ թիակներ։
  4. Ճամփորդական զգուշություն: Զարգացող կամ ջրի անվտանգության ցածր մակարդակ ունեցող երկրներ ճամփորդելիս հրաժարվել ըմպելիքների մեջ սառույց ավելացնելուց։

Ճամփորդության ընթացքում սառույցը համարվում է «ճամփորդների լուծի» և աղիքային այլ վարակների տարածման ամենավտանգավոր գործոններից մեկը։ Շատ երկրներում ծնկի բերող աղիքային վարակներից խուսափելու ոսկե կանոնն է՝ «Եփի՛ր, կեղևի՛ր, լվա՛ կամ մոռացի՛ր դրա մասին», և սառույցը հաճախ հենց այն գործոնն է, որը պետք է «մոռանալ»։

Ահա ճամփորդական հիգիենայի հիմնական կանոնները սառույցի և ըմպելիքների անվտանգության վերաբերյալ.

Ոսկե կանոն: Հրաժարվե՛ք սառույցից անապահով շրջաններում: Եթե ճամփորդում եք զարգացող երկրներ, կամ այնպիսի վայրեր, որտեղ ծորակի ջուրը խմելու համար պիտանի չէ, ընդհանրապես հրաժարվեք սառույցով ըմպելիքներից։ Ռեստորաններում կամ սրճարաններում պատվիրելիս միշտ հստակ շեշտեք՝ «առանց սառույցի»:

Մի՛ վստահեք ալկոհոլին կամ գազավորված ըմպելիքներին: Տարածված սխալ պատկերացում է, թե ալկոհոլը կամ գազավորված ըմպելիքի թթվայնությունը ոչնչացնում է մանրէներին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև ուժեղ ալկոհոլը կամ կոլան կարող են մասամբ նվազեցնել բակտերիաների քանակը, դրանք չեն ախտահանում աղտոտված սառույցը։

Խմեք անմիջապես շշից: Անվտանգության համար ընտրեք գործարանային փակ շշերով կամ տուփերով ջուր և հյութեր։ Ընդ որում՝ ավելի անվտանգ է խմել անմիջապես շշից կամ օգտագործել մաքուր ձողիկ, քանի որ բաժակները հաճախ լվացվում են հենց տեղի աղտոտված ծորակի ջրով։

Զգուշացե՛ք նաև թռիչքի ժամանակ (ինքնաթիռի սառույցը): Ավիացիոն հիգիենայի հետազոտությունները ցույց են տալիս, որ ինքնաթիռների սառույցը նույնպես կարող է ռիսկային լինել։ Սառույցի ամանները և թիակները ժամանակի սղության պատճառով հազվադեպ են մանրակրկիտ ախտահանվում։ Եթե ունեք աղեստամոքսային համակարգի խնդիրներ, թռիչքի ժամանակ նույնպես հրաժարվեք սառույցից։

Ինչպե՞ս հասկանալ՝ սառույցն անվտանգ է, թե ոչ.

Վտանգավոր է: Անհավասար, կոտրատված, տնական տեսք ունեցող սառույցի կտորները, որոնք հաճախ պատրաստվում են հենց տեղի ծորակի ջրից։

Հարաբերականորեն անվտանգ է: Կատարյալ գլանաձև (մեջտեղը ծակ) կամ խորանարդաձև թափանցիկ սառույցը, որն արտադրվում է արդյունաբերական ֆիլտրված ջրով աշխատող սարքերով։ Սակայն սա էլ երաշխիք չէ, եթե սարքը հիգիենիկ չի պահվում:

Ատամները լվանալու կանոնը

Հիշեք, որ հիգիենան վերաբերում է նաև հյուրանոցի սենյակին։ Ատամները լվանալու համար օգտագործեք միայն շշալցված ջուր։ Եթե սենյակում կա սառույցի, մի օգտագործեք այնտեղի սառույցը խմելու համար, այլ միայն շշերը սառեցնելու (արտաքինից) նպատակով։

Թեև սառույցը կարող է վարակների փոխանցման ռիսկեր պարունակել, երբ այն պատրաստվում է ոչ հիգիենիկ պայմաններում, ճիշտ և մաքուր օգտագործման դեպքում սառույցն ունի հսկայական դրական կողմեր թե՛ առողջության, թե՛ կենցաղի և թե՛ արդյունաբերության համար։ Այն նվազեցնում է այտուցներն ու բորբոքումները, վնասվածքների, սալջարդերի կամ կապտուկների դեպքում սառույց դնելը սեղմում է արյունատար անոթները, ինչը թույլ չի տալիս, որ այտուցը մեծանա։ Այն արագացնում է վերականգնումը, մարզիկները ծանր մարզումներից հետո ընդունում են սառցե լոգանքներ՝ մկանային ցավը (կաթնաթթվի կուտակումը) նվազեցնելու և միկրոտրավմաները բուժելու համար։ Դեմքը սառույցի կտորով մերսելը լավացնում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ դեմքի մաշկը ստանում է թարմ և առողջ տեսք։ Շոգին սառը խմիչքներ սպառելը կամ մարմնի կենսական կետերին (պարանոց, դաստակներ) սառույց դնելն օգնում է արագ իջեցնել մարմնի ջերմաստիճանը և խուսափել արևահարությունից։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ շատ սառը ջուր խմելիս օրգանիզմն ավելի շատ էներգիա (կալորիա) է ծախսում, որպեսզի այդ ջուրը տաքացնի մինչև մարմնի ջերմաստիճան։

Լինելով տեղեկացված երբեմն անփոխարիելի թվացող այս գործոնը կարելի է կիրառել անվտանգ, կանխելով բացասական կողմերն ու առողջական ռիսկերը: 

Միկրոօրգանիզմների գոյատևման համեմատական աղյուսակ սովորական սառույցում (-5°C-ից -20°C)

Միկրոօրգանիզմի տեսակ Օրինակներ Գոյատևման միջին ժամկետը Վտանգի մակարդակը հալվելիս
Վիրուսներ Նորովիրուս, հեպատիտ А, Е 6 ամսից մինչև տարիներ Ծայրահեղ բարձր (մեկ կաթիլը բավարար է)
Բակտերիաներ E. coli, Սալմոնելա, Շիգելլա 1-ից 6 ամիս Բարձր (արագ բազմանում են տաքանալիս)
Սպորավոր բակտերիաներ Սիբիրյան խոց, Կլոստրիդիաներ Տասնյակ և հարյուրավոր տարիներ Մահացու վտանգավոր
Նախակենդանիներ (Ցիստեր) Լյամբլիա, Կրիպտոսպորիդիում 2-ից 4 ամիս Բարձր (կայուն են քլորի նկատմամբ)