Սեպտեմբերի 29-ը՝ սրտի համաշխարհային օր

Սեպտեմբերի 29-ը՝ սրտի համաշխարհային օր

«Սրտի համաշխարհային օրը» (World Heart Day) ամեն տարի նշվում է սեպտեմբերի 29-ին։ Այն նախաձեռնել է Սրտի համաշխարհային դաշնությունը (World Heart Federation)՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկությունը սրտանոթային հիվանդությունների մասին, որոնք համարվում են մահվան հիմնական պատճառներից աշխարհում և Հայաստանում։

Օրվա խորհուրդն է`

  • Հիշեցնել սրտի առողջության կարևորության մասին։
  • Խթանել առողջ կենսակերպ՝ հավասարակշռված սնունդ, ֆիզիկական ակտիվություն, վնասակար սովորություններից հրաժարում։
  • Տարածել գիտելիքներ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման միջոցների մասին։

Խորհրդանշան օրվա նշանաբաններն ամեն տարի փոխվում են, սակայն հիմնական գաղափարն է՝ «Սիրիր քո սիրտը»։ Ահա թե ինչպես կարելի է 2025 թ․ «Don’t Miss a Beat» («Բաց մի թող բաբախյունը»), որը կարելի է դարձնել նաև «Մի անտեսիր սրտիդ ձայնը» կամ «Հետևիր յուրաքանչյուր բաբախին»։ Սա նշանակում է՝ առողջության փոքր փոփոխություններին ուշադրություն դարձնել, ժամանակին ստուգվել և չուշացնել բժշկի այցը։

Սիրտը մեր կյանքի գլխավոր շարժիչն է։ Սիրտը մկանային օրգան է, նրա հիմնական գործառույթը արյան շրջանառությունը ապահովելն է։ Սիրտը չունի մտածելու կամ զգալու կենտրոններ․ այդ գործառույթը կատարում է ուղեղը, բայց սրտում կան հազարավոր նյարդային բջիջներ ու ռեցեպտորներ, որոնք արձագանքում են հորմոններին և նյարդային ազդակներին։ Դրա շնորհիվ սրտի բաբախյունը փոխվում է մեր հուզական վիճակից․

  • երբ վախենում ենք →սիրտը արագանում է,
  • երբ հանգիստ ենք →դանդաղում է։

Այսինքն՝ սիրտը չի «զգում», բայց միշտ արձագանքում է զգացմունքներին։ Մադկանց պատկերացումներում սիրտը դարձել է զգացմունքների ու սիրո խորհրդանիշը։ Երբ ասում ենք «սիրտս ցավում է» կամ «սրտանց սիրում եմ», իրականում նկարագրում ենք այն ուժեղ զգացմունքները, որոնք առաջանում են ուղեղում, բայց արտահայտվում են նաև սրտի բաբախյունով։ Սիրտը խորհրդանշում է սեր, կարեկցանք, քաջություն և համարձակություն։ Հայ մշակույթում հաճախ ասում են․ «Գթասիրտ մարդ», «Սրտի խորքից»։

Մեզանում տարածված է նաև «Սիրտը կոտրել» արտահայտությունը, որը իրականում փոխաբերություն է, ոչ թե իրական ֆիզիկական երևույթ։ Սա գալիս է նրանից, որ մեծ ցավի կամ սթրեսի պահին մարդիկ ֆիզիկապես զգում են ծանրություն կամ ցավ կրծքավանդակում։ Սիրտը որպես օրգան չի կարող «կոտրվել»։ Այն կարող է հիվանդանալ, բայց «կոտրվել» բառացի իմաստով՝ ոչ։ Այնուամենայնիվ, բժշկության մեջ կա մի հետաքրքիր երևույթ՝ «Կոտրված սրտի համախտանիշ» (Takotsubo syndrome)։ Այն առաջանում է ուժեղ սթրեսից կամ հուզական ցնցումից հետո, սիրտը ժամանակավոր թուլանում է, և մարդը կարող է ունենալ սրտամկանի ինֆարկտին նմանվող ախտանիշներ, այն սովորաբար բուժելի է, բայց ցույց է տալիս, որ զգացմունքները իսկապես ազդում են սրտի վրա։ Այսինքն՝ «սիրտ կոտրելը» իրականում զգացմունքային վերք է, որն ազդեցություն է ունենում նաև մարմնի վրա։

Այսպիսով, ինչպես պաշտպանել սիրտը

  • Հավասարակշռված սնունդ, աղի ու ճարպի նվազեցում։
  • Ֆիզիկական ակտիվություն (օրական 30 րոպե քայլք կամ մարզանք)։
  • Սթրեսի կառավարում, լավ քուն։
  • Վնասակար սովորություններից հրաժարում՝ ծխախոտ, ալկոհոլ։
  • Պարբերական բժշկական ստուգումներ։