Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 4-ին նշվում է սեռական առողջության օրը, այն ընդգծում է յուրաքանչյուր մարդու սեռական և վերարտադրողական առողջության և բարեկեցության իրավունքը, այդ թվում նաև իրազեկված որոշումներ կատարելու վերաբերյալ: Այս տարվա կարգախոսը «համաձայնություն» է՝ ի նշան համաձայնության և փոխադարձ հարգանքի կարևորության գիտակցությանը, երբ խոսքը վերաբերում է սեռական հարաբերություններին:
«Հերացի» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցների սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի խոսքով ՝ սեռական առողջությանն առնչվող հարցերը հաճախ դասվում են «չքննարկվող» թեմաներին: Դրանց մասին խուսափում են խոսել ընտանիքներում, դպրոցներում, համալսարաններում՝ նպաստելով խնդրի վերաբերյալ տարաբնույթ ոչ ստույգ, իսկ հաճախ նաև վտանգավոր տեղեկատվության և վարքագծային կանոնների տարածմանն ու ամրապնդմանը մարդկանց և հատկապես դեռահասների և երիտասարդներին շրջանում:
Անշուշտ սեռական առողջությունը պետք է դիտարկել տվյալ միջավայրի մշակութային, սոցիալական և տնտեսական համատեքստերում: Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի շարք համընդհանուր մոտեցումներ մարդու սեռական առողջության վերաբերյալ, մասնավորապես՝
Սեռական առողջության վրա մեծապես ազդում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, որոնք իրենցից ներկայացնում են հանրային առողջության լուրջ սպառնալիք: Այսպես, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների աշխարհում ամեն օր մարդկանց շրջանում արձանագրվում է ավելի քան 1 միլիոն սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (սեռավարակներ) նոր դեպքեր, որոնց մեծամասնությունն ունի անախտանիշ է։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է մոտ 374 միլիոն նոր վարակ:
Սեռավարակներն ուղղակիորեն ազդում են սեռական և վերարտադրողական առողջության վրա, առաջացնելով խարան, անպտղություն, քաղցկեղ և հղիության բարդություններ և կարող են մեծացնել ՄԻԱՎ-ի վարակվելու վտանգը:
Մասնագիտական փորձը վկայում է, որ սեռավարկներով պայմանավորված սեռական խնդիրներ ունեցող պացիենտների թիվը, ցավոք, գնալով մեծանում է: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետեւանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թաքցնելու պարագայում վտանգի տակ կարող ես դնել եւ քո, եւ ընտանիքիդ անդամների առողջությունը: Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Ամուսիններն արտագնա աշխատանքից վերադառնում են ու վարակում իրենց կանանց: Ժամանակին չհայտնաբերելու եւ չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրա:
Սեռավարակները «երիտասարդանում են»
Իրական է նաև այն տեսակետը, որ սեռավարակները «երիտասարդանում են», այսինքն’ շատ ավելի վաղ տարիքի անձանց մոտ են դրսևորվում, քան, օրինակ, երկու-երեք տասնամյակ առաջ: Սա պայմանավորված է սեռական կյանքի ազատականացմամբ, վաղ սեռական կյանքով, այսօրվա ազատ բարքերով, սեռական առողջության վերաբերյալ ունեցած թերի գիտելիքներով:
Այսօր սեռավարակները 30-ից ավելի են: Դրանց մի մասը կարող են առաջացնել ուրետրալ ախտանիշներ՝ հաճախամիզություն, ցավեր միզելիս, միզարձակման խանգարումներ, դժվարամիզություն, մի մասը՝ արտադրություն, քոր, դիսկոմֆորտ, բորբոքումներ, անպտղություն:
Որոշ սեռավարակներ շատ վտանգավոր են մոր և պտղի համար: Օրինակ’ ցիտոմեգալովիրուսը, հերպեսը: Որոշ սեռավարակներ, չունենալով կլինիկական դրսևորումներ մոր մոտ, կարող են լուրջ վտանգ ներկայացնել պտղի համար, հանգեցնել ինքնաբեր վիժման, հղիության զարգացման կասեցման, պտղի զարգացման արատների, ներարգանդային վարակվածության:
Սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանշանների: Սակայն այդ դեպքում էլ վարակված անձինք վարակի աղբյուր են զուգընկերների համար: Ավելին՝ անախտանիշ ընթացող սեռավարակները ևս կարող են առաջացնել բարդություններ: Բոլոր սեռավարակները գործնականորեն բուժելի են, եթե ախտորոշվել են ժամանակին, և բուժումն իրականացրել են համապատասխան մասնագետները:
Մեր հետազոտությունները պարզել են, որ Հայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է: Տղաների մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 16,5 տարեկան՝ նախկին 18-ի փոխարեն, իսկ աղջիկների մոտ առաջին սեռական հարաբերության տարիքը նույնպես նվազել է՝ կազմելով միջինը 17 տարեկան՝ նախկին 19-ի փոխարեն։
Այնուամենայնիվ, թե՛ տղայի, թե՛ աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է լինի 18 տարեկանից հետո, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր և հոգեբանական ձևավորումը, այլ կերպ ասած՝ մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար:
Ամուսնալուծությունների թիվը ավելացել է։ Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում ավելի շատ․ վիճակագրության համաձայն՝ 2023 թ․-ին 2022 թ․ համեմատությամբ ամուսնությունների թիվը նվազել է 3,7 տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է 10,6 տոկոսով:
Վիճակագրության համաձայն` առավել հաճախ ամուսնալուծվում են երիտասարդները, քանի որ ամուսնական հարաբերություններում ճգնաժամ և տարաձայնություններ են սկսվում ամուսնության երկրորդ–երրորդ տարում։ Որպես կանոն` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սպասումներն ու իրականությունը չեն համընկնում, ինչպես նաև ի հայտ են գալիս կենցաղային խնդիրներ, որոնց շատերը պատրաստ չեն լինում։
Վիրտուալ սեքս։ Վերջին ժամանակներս ինտերնետն այնքան է մտել մեր կյանք, որ դժվար է պատկերացնել այժմ կյանքն առանց ինտերնետի: Այդ պատճառով այն չէր կարող չազդել նաև մարդկանց նեղ անձնային և սեռական կյանքի վրա:
Պատճառները։ Ակնհայտ է, որ դրանք մի քանիսն են: Դրանցից ամենատարածվածը սեփական սեռական հարաբերություններում անբավարարվածությունն է կամ ուժեղ սեռական ցանկությունները, որոնք դժվար է իրականացնել իրական կյանքում: Մյուս պատճառը հետաքրքրասիրությունն է` նոր գիտելիքների ձեռք բերումը: Էրոտիկ կայքերը առաջարկում են տարբեր տեսակի խաղալիքների, ստիմուլյատորների, աքսեսուարների առաքում տուն: Ինչպես նաև կարելի է ինտերնետից իմանալ տարբեր դիրքերի, տարբեր ձևերի մասին, ծանոթանալ կամասուտրային:
Ի դեպ, Google Trends ծառայության կողմից հրապարակված տվյալներով` լատինատառ «porno» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանը 2004 թվականից ի վեր առաջին տեղն է գրավում համացանցի որոնողական համակարգում: Գաղտնիք չէ, որ նման կայքերի այցելուների մեծամասնությունը կազմում են անչափահասներն ու դեռահասները։
Ինչպես գիտենք, սեռական դաստիարակության բացթողումների կամ բացակայության պատճառով դեռահասները զգալի մասը հետաքրքրող հարցերի պատասխանները փնտրում է համացանցում՝ այցելելով սեքսուալ բնույթի կայքեր։ Արդյունքում առաջանում է հետաքրքրություն, իսկ հետո կախյալություն պոռնոգրաֆիկ նյութերից։ Ձևավորվում է վիրտուալ սեքսով զբաղվելու ցանկություն, քանի որ վիրտուալ կյանքում ամեն ինչ հեշտ է տրվում։
Շատ դեպքերում նույնիսկ ծնողներն են բարձրաձայնում, որ սեփական երեխայի հետ շփումը բարդացել է, չի հաջողվում, քանի որ համացանցի ազդեցության հետեւանքով երեխան ձեռք է բերել անկառավարելի վարքագիծ։